Շոու-բիզնես

2018 թ-ից հետո ես ավելի պինդ զգացի հողի ուժը․ սին լավատեսությունը վատ հիվանդություն է. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, մոդել Նազենի Հովհաննիսյանը գրում է.

«Սին լավատեսությունը վատ հիվանդություն է, ու ես արդեն երկար է՝ ինչ չեմ տառապում այդ հիվանդությամբ: Ինձ հիացնում է հավաքական հայ ժողովրդի պարզ սիրտը, հաճախ՝ կույր հավատն ու յուրօրինակ, մանկական պարզամտությունը: Ես տարօրինակ մարդ եմ. չեմ հիասթափվում, չեմ ատում, ու երբեք չեմ սպասում ավելիին՝ մարդկանցից կամ կյանքից:Ես անհատից եմ սպասում միայն առավելագույնն ու հավատում եմ անհատի՜ կամքին ու որոշմանը:

2018- ից հետո ես ավելի պինդ զգացի հողի ուժը, առավել ամուր կառչեցի իմ Երկրից, ավելի շատ գտա յուրահատուկ մարդկանց, առավել խորացա Հավատքիս մեջ, ավելի ծերացա) , ինչ-խոսք, ավելի մենակացա, որովհետև հասունությունը իր հետ բերում է անվերապահ միայնություն, ու դրա մեջ էլ կա մեծ ազատություն:

Ես սովորել եմ չատել, չբանսարկել երբեք ու չանջատել. նայել հայելուն ու տեսնել քո հավաքական պատկերը՝ որպես հայ, տարբեր դիմագծերով, սիրելի կամ ոչ, մարսելի կամ տհաճ: Էդ բոլոր դիմագծերով հանդերձ ես սովորել եմ ՍԹԱՓ նայել,ոչ թե անսթափ լավատեսությամբ խաբել ինձ կամ ուրիշներին՝ «լավ է լինելու- ով» :

«Լավ» – ի չափանիշները տարբեր են պարզվեց, ու հաճախ էդպես էլ չեն խաչվում զուգահեռները… ոչ կյանքի, ոչ գաղափարի, ոչ Հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի:Ես սովորել եմ ճշմարտության աչքերին նայել, ու էդ ամենաբարդն է իմ ապրած կյանքում: Ճշմարտությունը միշտ է դառնահամով, ու խոցող, ու երբեմն ողնաշար կոտրող:Ես սովորել եմ չկոտրվել), ճշմարտությունը բետոնային համառությամբ պատում եմ գոյությանս ու ավելի ամուր ապրում:

Չկոտրվելն էլ որոշում է, ինչպես չատելը, ներելը, ապրումակցելը,
Երկիրդ սիրելն ու
Հայ մնալը…

Ամեն բան որոշում է այսօր. անհատական ու հավաքական որոշում:

Ուղղակի անհատին դեմքով գիտես, նկարագիրը գիտես, հավաքականը միշտ անորոշ է, ոչ միշտ քո պատկերացրածի համախմբով, հաճախ՝ խաբուսիկ: Ինձ դուր է գալիս լինել սթափ, մնալ բաց ու ապրել առանց կույր հավատի կամ անսթափ լավատեսության: Ազատությունն էդտեղ է հենց: Չգիտեմ ինչու որոշեցի էսքանը ձեզ ասել… վաղուց չէի գրել, խոսքս «կապվել» էր մի տեսակ վերջերս, հա խմբագրում էի ինձ ու ասելիքս մեռնում էր դեռ չծնված:

Իսկ հիմա հոսում է, Կներեք երկար գրիս համար»։

Կիսվեք ձեր էջում