Մամուլ

20 տարով երիտասարդ. ինչպես է ապրում փոխպատվաստված սրտով միակ բուժառուն Հայաստանում

20 տարով երիտասարդ. ինչպես է ապրում փոխպատվաստված սրտով միակ բուժառուն Հայաստանում

Sputnik Արմենիան գրում է․ Հայաստանում սրտի փոխպատվաստման վիրահատություն չի իրականացվում, բայց կա մի մարդ, որն արդեն 11 տարի ապրում է դոնորական օրգանով։ Ի՞նչ զգացողություն է ուրիշի սրտով ապրելը, և ե՞րբ հայ բժիշկներին թույլ կտան համապատասխան վիրահատություններ կատարել։

Հայաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է փոխպատվաստման զարգացման և փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկի ընդլայնման ուղղությամբ:

Մեր երկրում կատարում են լյարդի, երիկամների, աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ և միայն կենդանի դոնորներից: Դոնորների (այդ թվում՝ մահացածների) և ռեցիպիենտների (ստացողների) օրգանների և հյուսվածքների ռեգիստրի ներդրումից հետո միանգամայն հնարավոր է, որ երկրում թույլատրվի նաև սրտի փոխպատվաստումը։

Մասնագետներն ասում են, որ նման վիրահատությունները չափազանց կարևոր են, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանում բնակչության գրեթե 50 տոկոսը մահանում է արյունատար համակարգի հիվանդություններից։ 2022 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանում սրտի փոխպատվաստման կարիք ունի մինչև 18 տարեկան, սրտանոթային հիվանդություններով տառապող ենթադրաբար 10-20 բուժառու։

Առողջ սրտից մինչև փոխպատվաստված

Փոխպատվաստումը երբեմն կյանքը փրկելու միակ միջոցն է։ Ժամանակին հենց այսպիսի իրավիճակում է եղել մեր հայրենակից Եղիշե Խաչատրյանը։ 2012 թվականին տղամարդը հայտնվել է Մինսկի «Սրտաբանության» հանրապետական գիտագործնական կենտրոնի վիրաբույժների մոտ՝ 3-րդ աստիճանի սրտային անբավարարություն ախտորոշմամբ (ընդհանուր 4 աստիճան գոյություն ունի՝ խմբ.) և սրտի բազմաթիվ ուղեկցող հիվանդություններով (կարդիոսկլերոզ, աորտայի աթերոսկլերոզ, սրտի իշեմիկ հիվանդություն և այլն):

Այդ պահի դրությամբ առանց թթվածնային ապարատի նա այլևս չէր կարողանում շնչել։ Այսօր նա միակ մարդն է Հայաստանում, որ ապրում է դոնորական սրտով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում 62-ամյա տղամարդը պատմեց, որ երբեք սրտային հիվանդ չի եղել և զարկերակային գերճնշումից չի տառապել։ Սրտի աշխատանքի ընդհատումներ առաջին անգամ զգացել է 2004 թվականին։ Գնացել էր Գյումրի՝ թաղման արարողության, այնտեղ վատ է զգացել։

«Այնպիսի զգացողություն էր, որ գլխիս մի դույլ սառը ջուր են լցրել, լեզվիս տակ նիտրոգլիցերին դրեցի և մի կերպ հասա մոտակա գյուղը, որտեղ պիտի գիշերեի։ Այդ ժամանակ մտքովս էլ չանցավ, որ ինֆարկտ եմ տարել։ Առավոտյան ինձ ջարդված էի զգում, գնացի ծանոթ բժշկի մոտ, ստուգեց, սրտիս աշխատանքը լսեց և խորհուրդ տվեց սրտաբանի դիմել»,-պատմեց Խաչատրյանը։

exishe

Երևանում նրան հայտնեցին, որ միկրոինֆարկտ է տարել, դեղեր նշանակեցին և ուղարկեցին տուն։ Մի քանի օր անց սրտի կաթվածը կրկնվեց, այս անգամ՝ աշխատավայրում։ Խաչատրյանը 10 օրով հայտնվեց հիվանդանոցում։ Ինֆարկտը սրտի վրա սպի էր թողել, որը հանգեցրել էր սրտի ռիթմի խաթարման, սրտամկանի դիստրոֆիայի, ինչի պատճառով էլ սրտի անբավարարություն էր զարգացել։

Խաչատրյանը հիշում է, որ այդ ժամանակից ի վեր իր վիճակը շարունակ վատթարանում էր, հասել էր այնտեղ, որ երկու քայլ չէր կարողանում անել․ ցավերն ու շնչահեղձությունը տանջում էին։ 2012թ․-ին Հայաստանի բժիշկները ընտրության առաջ կանգնեցրին՝ կա՛մ կարդիոխթանիչ է պետք տեղադրել, կա՛մ փոխպատվաստել սիրտը։ Երկու վիրահատություններն էլ թանկ էին, յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ու բարդություններն ուներ, ընդ որում՝ մեր երկրում սրտի փոխպատվաստում մինչ օրս չի իրականացվում։

Այդ ժամանակ տղամարդը մեկնեց Ռուսաստան՝ եղբոր մոտ։ Նովոսիբրիսկի հիվանդանոցներից մեկում նրան խորհուրդ տվեցին փոխպատվաստում անել՝ ասելով, որ սիրտը վատ վիճակում է և ևս մեկ վիրահատություն «չի ձգի»։

«Ռուսաստանում դժվար էր այդ վիրահատությունն անել, պետք էր հերթ կանգնել, բայց ժամանակ չկար։ Ցանկացած պահի կարող էի մեռնել»,-ասում է Խաչատրյանը։

Այդ պատճառով նա մեկնեց Մինսկ, որտեղ օտարերկրացիների համար նման վիրահատություններն ավելի մատչելի էին։ Սրտի կլինիկայում Խաչատրյանը պառկեց 10 օր, մինչև նրան հարմար դոնորական օրգան գտան։

Դոնորը վթարի հետևանքով մահացած 30-ամյա տղամարդ էր։ Նրա սիրտը համապատասխանում էր բոլոր ցուցանիշներով։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով