20 տոննա ցորենով բարձված ԿԱՄԱԶ-ը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել

20 տոննա ցորենով բարձված ԿԱՄԱԶ-ը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:35-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, Դսեղ գյուղի բնակիչ, 56-ամյա Ռոբերտ Եգանյանը իր վարած ԿԱՄԱԶ մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 15 մետր ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել երկաթգծին հարակից զառիթափի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ փրկարարական ջոկատը, քաղաքացիները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ էլ ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է մնալ հիվանդանոցում, տեղեկացնելով, որ իրեն լավ է զգում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվոեն ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Գյուրջանյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ս. Կիրակոսյանի գլխավորությամբ: Ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա ցորենով: