Մամուլ

2 ոստիկան աշխատանքից դուրս էին եկել եւ Հանրապետության հրապարակում բամբակ էին վաճառում. Մնացականյան

Երեւանի տարբեր հատվածներում փողոցային առեւտուրը դեռեւս շարունակվում է: Երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ շրջայցի ժամանակ Մաշտոցի պողոտայում դարձյալ ականատես էր եղել փողոցային առեւտրի եւ հորդորել էր, որ հեռանան այնտեղից: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ իրավասու պաշտոնյայի հորդորից հետո հեռանում են, բայց քիչ ժամանակ անց կրկին վերադառնում եւ շարունակում են փողոցային առեւտուր իրականացնել:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ:

– Պարոն Մնացականյան, ո՞րն է պատճառը, որ փողոցային առեւտրով զբաղվողները չեն ենթարկվում ձեր հորդորներին եւ շարունակում են իրենց գործունեությամբ զբաղվել:

– Ցածր իրավագիտակցությունը, կուլտուրայի բացակայությունը եւ հարգանքը Երեւան քաղաքացի ու երեւանցիների նկատմամբ, պատճառը դա է: Ես իրականում մի խելքը գլխին վաճառող չտեսա: Երեկ Երեւանի 2800-ամյակի առթիվ Վարդանյանների կողմից կառուցված այգում բամբակ սարքող 2 եղբայրներից մեկն ասում է՝ ես նոր եմ ազատվել բանտից․ պիտի մի բանով զբաղվեմ, մի եղբայրն էլ շուն է պահում կողքին: Մեկը բամբակ է սարքում, մյուսը շանն է սիրում, այդպիսի ցածր իրավագիտակցություն է, չգիտեմ՝ այդ մարդկանց մոտ ինչ վիճակ է: Ամենահեշտ փող աշխատելու ձեւն է:

Մենք պարբերաբար ստուգայցեր անելու ենք: Նրանք պարզապես օգտվում են օրենքի բացից: Հիմա նախագիծը պատրաստ է, ուղարկել ենք կառավարություն, սպասում ենք, երբ Ազգային ժողովի նիստերը սկսեն, արդեն առգրավում կիրականացնենք: Մինչեւ առգրավում չլինի՝ փողոցային առեւտրի դեմ պայքարը շատ էֆեկտիվ չի լինի: Մենք հիմա բանակցելով պայքարում ենք:

– Ինչո՞ւ չեն ցանկանում գնալ եւ շուկաներում իրականացնել առեւտուրը:

– Հեշտն են ուզում, չեն ուզում շատ փող ծախսել: Իրենք հիմա օրական մաքուր մոտ 50 հազար դրամից ավելի եկամուտ ունեն՝ մինչեւ 100 հազար: Բայց, որ ասես հազար կամ 5 հազար դրամ տուր՝ շուկայում աշխատիր, կարող է չտան:

– Շուկայում առեւտուրն այդքան ակտի՞վ է, ինչպես փողոցում:

– Իհարկե, գյուղմթերքի առաջին շուկան՝ Սիլաչիում, ընտիր աշխատում է: Տեղ չկա հիմա: Տարբեր շրջաններից որոշներն օգտվում են: Ամեն մեկը մի բարեկամ ունի Մաշտոցի պողոտայի վրա, ասում է՝ արի իմ շենքի դիմաց առեւտուր արա, ինձ 2 հազար դրամ կտաս, ես հարեւանների բերանը կփակեմ: Տնավարի են լուծում այդ հարցը:

– Ո՞րն է պատճառը, որ քաղաքապետարանը ամենօրյա հսկողություն չի իրականացնում, քանի որ հորդորում եք փողոցային առեւտուր չիրականացնել, բայց դրանից քիչ հետո նույն գործընթացը շարունակում են:

– Դա գալիս է աշխատակիցների սակավությունից: Կենտրոն վարչական շրջանի առեւտրի բաժնի տեսուչներն ընդամենը 8 հոգի են: Մենք պետք է փակենք Փակ շուկայի շրջակայքը, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը, Քաջազնունին՝ նախկին Կուզնեցովը, Ռոսիա կինոթատրոնի մոտ, Կինո Երեւանի մոտ ունենք խնդրահարույց տեղ, Շրջանայինի մոտ:

Սա միայն գյուղմթերքի մասին է խոսքը: Դե հիմա դուք պատկերացրեք 8 աշխատող…: Գիշերը սկսում են Հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Օպերայում առեւտուր իրականացնել: Որոշ դեպքերում ոստիկանությունն աջակցում է մեզ: Մի 10 օր պետք է այսպես պահենք: Ստիպված որոշ բաներ պետք է առգրավենք: Օրինակ՝ բամբակ վաճառելու համար համապատասխան թույլտվություն պիտի ունենան:

Դժվար է, բայց 1 օրվա լուծելու հարց չէ, պիտի պայքարենք: Ես անգամ պատրաստ եմ իրենց ինչ-որ տեղ տալ, օրինակ՝ խաղալիքների վաճառքի համար, բայց որ չլինի փողոցում, այգում, մայթերին կամ գոնե այնպիսի մեծ մայթերին լինի, որ չխանգարի, բայց ոչ թե բամբակը հանեն ու սկսեն փողոցում բամբակ պատրաստել: Դա հակասանիտարական է:

– Այս պահին օրենքով որեւէ իրավասություն չունե՞ք նրանց գործունեությունը կասեցնելու համար:

– Որոշ փրկություններ ունենք: ԱԻՆ-ն ու ՍԱՊԾ-ն որոշակի թույլտվություններ պետք է տան նրանց, որը չեն տվել ու այդ հիմքերով կարողանում ենք գործողություն իրականացնել:

– Տուգանելու հնարավորություն չունե՞ք նման դեպքերում:

– Որոշ դեպքերում ունենք: Բայց դե մարդիկ ասում են՝ սնանկ ենք, ուզում եք 100 անգամ տուգանեք: Իրականում գիտե՞ք վատը որն է. օրինակ՝ Հրապարակում մի հոգի էր բամբակ վաճառում, մեկ էլ տեսնում ես իր բարեկամներն են սկսում, հետո ընկերները: Լկտիանում են, չափը չկա: Մենք դեպքեր ունենք, որ Հրապարակում 2 նախկին ոստիկան են բամբակ վաճառում: Ոստիկանությունից դուրս են եկել, այն ժամանակ ամիսը ստանում էին 180 հազար դրամ, հիմա օրը 100 հազար դրամ են ստանում:

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել նյութով