ՄամուլՏեսանյութ

17 ուժերը արտահերթ ընտրություններում 3 տոկոս չեն հավաքի․ նրանք պետք է թատրոնը փակեն ու գնան տուն

17 ուժերը արտահերթ ընտրություններում 3 տոկոս չեն հավաքի․ նրանք պետք է թատրոնը փակեն ու գնան տուն

1in.am-ը գրում է․ «Այս պահին Հայաստանում անկայունության սցենար է իրականացվում, որի ռեժիսորները, կարծում եմ, Հայաստանում չեն, այստեղ տգետ գավառամիտ և ոխակալ կատարողներն են: Այդ սցենարը բեմականացվեց, բայց բացարձակ կրախ են ապրել՝ և՛ դրսում, և՛ ներսում: Բանակը չաջակցեց, և հեղաշրջում տեղի չունեցավ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Այս գեներալների մակարդակը, որոնք այս գործի մեջ էին, զրո դուրս եկավ: Եթե գեներալները ճարպակալած չլինեին, լինեին կրթված, եթե «Իսկանդերը» ճշգրիտ աշխատեր և այլն, մենք պատերազմը կհաղթեինք, լավրովյան պլանը չէր աշխատի:

Խորհրդարանը պետք է իրեն հավաքի, հանձնաժողով պետք է կազմի և պատերազմի հետաքննությամբ զբաղվի ու պարզի, թե ինչքանով է օտար պետության կամքը կատարվել:

Լևոն Շիրինյան

Ո՞րն էր պատերազմի ստրատեգիան, տակտիկան, ո՞րն էր մարտական արվեստը, ո՞վ էր զորավարը, որևէ մեկը բան հասկացա՞վ»,- նշեց Շիրինյանը՝ հավելելով, որ պատերազմի երկրորդ օրը Լավրովը հայտարարեց, որ պետք է 5+2 պլանը իրականանա, դրանով նա կարծես թե հրաման իջեցրեց, և դա իրականացավ:

«Դղյակներ ունեցող գեներալները մամլո ասուլիսների շքերթներ են կազմակերպում, այլ երկրներում վզներից կբռնեն, կշպրտեն, անկախ նրանից դեմոկրատիա է, թե դիկտատուրա տվյալ երկրում»,- նշեց Շիրինյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանությունը կարողացավ հակաիշխանական շարժումը լուսանցք մղել. «Այդ ուժերը միայն մի ելք ունեն տեռորի դիմել, դա էլ չեն կարողանում անել… 17 ուժերը արտահերթ ընտրություններում 3 տոկոս չեն հավաքի․ նրանք պետք է «թատրոնը» փակեն ու գնան տուն»:

Շիրինյանի խոսքով՝ իշխանությունը պետք է իր մեջ ուժ գտնի հայրենիքի վերաշինության գործը նախաձեռնի, բարեփոխումներ իրականացնի, երկրում օրենքը պետք է գործի և կարգուկանոն հաստատվի:

Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել էջում