Աշխարհ

16-ամյա հայուհին զարմացրել է ռուսներին. Նա Մոսկվայում տասնյակ օլիմպիադաների հաղթող է դարձել․ ֆոտո

16-ամյա հայուհին զարմացրել է ռուսներին։ Մեր հայրենակից Մարիա Վարդանյանը, որն ընդամենը 16 տարեկան է, հասցրել է զարմացնել ռուսներին: Մարիան Մոսկվայի Շչեդրինի անվան համար 236 դպրոցում է սովորում, այն հատուկենտ աշակերտներից է, որ ուսման ընթացքում որեւէ «4» գնահատական չի ստացել:

Բացարձակ գերազանց առաջադիմությամբ սովորելով՝ Մարիային հաջողվել է ուսում ստանալ պետպատվերով՝ ՌԴ պետբյուջեի հաշվին: Անգլերեն, պատմություն, հասարակագիտություն, ֆիզիկա…Որ առարկայից օլիմպիադա է լինում, դպրոցի ընտրությունը կանգ է առնում հայուհու վրա:

Մարիան նաեւ երեխաների եւ պատանիների գիտահետազոտական եւ նախագծային աշխատանքների միջտարածաշրջանային մրցույթի դափնեկիր է դարձել՝ «Իմ նախնիների տունը» նախագծային աշխատանքի համար: Մարիայի մայրը՝ Մարգարիտան, մեզ հետ զրույցում հպարտությամբ նշեց, որ անգամ չի հիշում, թե Մարիայի համար քանի շնորհակալագրեր են իրենք ստացել՝ հայ ընտանիքում նման երեխա դաստիարակելու, կրթությանն օժանդակելու համար: 

 Մարիա Վարդանյան

Մարիա Վարդանյանը կարմիր դիպլոմով ավարտել է նաեւ Մոսկվայի Գենդելի անվան երաժշտական դպրոցը` երգչախմբային երգեցողության բաժինը: Բազմաթիվ մրցանակներ է ստացել նաեւ՝ որպես երաժիշտ: Այդ մրցանակները ուղեգիր են տվել հայ աղջկան ուսումը շարունակել տարբեր երաժշտական հաստատություններում: Երաժշտական դպրոցի մասնագետները որեւէ կասկած չունեին, որ Մարիային այս ասպարեզում մեծ հեռանկար է սպասվում, որովհետեւ բացառիկ ունակություններ էին նկատում:

Բայց Մարիան որոշեց իր երազանքների հետեւից գնալ: Իսկ որքան էլ տարօրինակ թվա, նա երազում է դառնալ միաժամանակ իրավաբան, թարգմանչուհի, կոմպոզիտոր, գիտնական, աուդիտոր, տնտեսագետ: Հայուհու համոզմամբ՝ մարդը, առավել եւս՝ կինը պետք է կայացած լինի ու տիրապետի մի քանի մասնագիտությունների: Նրա խոսքով՝ «Կինը ոչ մի պարագայում չպետք է հույսը դնի տղամարդու վրա ու ապրի նրա հաշվին: Ես հույսս միայն ինձ վրա եմ դնում»: Այս տարի Մարիա Վարդանյանը ոչ միայն Մոսկվայի դպրոցների մասշտաբով, այլեւ տարածաշրջանում անգլերենի քննության արդյունքներով ամենաբարձր միավորներն է հավաքել:

Ռուսների զարմանքն է հարուցել նաեւ այն, որ հայուհին անգամ իրենց մայրենի ռուսաց լեզվին իրենցից ավելի լավ է տիրապետում, բազմաթիվ օլիմպիադաներից հաղթած է եկել: Ուշագրավ է, որ ՌԴ-ում ծնված ու մեծացած Մարիան, Հայաստան գալով՝ որոշել է անպայման ընդունվել նաեւ Հայորդած տուն:

 Մարիա Վարդանյան

Մոր խոսքով՝ «Մի քանի անգամ եկավ Հայաստան, գնաց, որոշեց՝ ես անպայման թեկուզ ոտքով կհասնեմ դպրոց, բայց պիտի գնամ, չնայած հեռու է տնից: Ես պիտի սովորեմ հայերեն»: Հիմա նա հայերեն փայլուն գրում է, կարդում, ուսումնասիրում կրոնի, մշակույթի պատմություն, աշխարհագրություն ու հպարտանում իր հայկական արմատներով: 

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով