Մամուլ

11-ամյա աղջնակը խաղահրապարակում մտել է սեղանի տակ և հպվել է հոսանքալարերին․ մանրամասներ ողբերգական դեպքից

11-ամյա աղջնակը խաղահրապարակում մտել է սեղանի տակ և հպվել է հոսանքալարերին․ մանրամասներ ողբերգական դեպքից

Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։

Հունիսի 06-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:50-ին Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու դի:

Պարզվել է, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 17-ի սահմաններում, Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող խաղահրապարակում:

Դեպքի առթիվ հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխայի հայրը ճանաչվել է տուժող:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16-ի սահմաններում Դեբեդ գյուղի խաղահրապարակում իր տարիքակից երեխաների հետ «թաքնվոցի» խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի օբյեկտիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

Կիսվել նյութով