Մամուլ

Ֆրանսիայի առաջարկը պետք է լուրջ քննարկման արժանանա. Չենք կարող վիզներս ծռենք ու սպասենք, թե Ռուսաստանն ինչ կասի

Ֆրանսիայի առաջարկը պետք է լուրջ քննարկման արժանանա. Չենք կարող վիզներս ծռենք ու սպասենք, թե Ռուսաստանն ինչ կասի

1in.am-ը գրում է․ Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները և ակնկալվող զարգացումները: Դեսպան Լաքոտն իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանց դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար:

Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հայտնի է  դառնում, որ Ֆրանսիայի դեսպանի կողմից ռազմական ոլորտում համագործակցության առաջարկ է արվել, նաև նշվել է, որ արվում են քայլեր իրավիճակի վերջնական կայունացման համար.

Վաղարշակ Հարությունյան

«Այս ամենն իհարկե ուղղակիորեն բխում է Հայաստանի շահերից։ Հայաստանն էլ որպես սուվերեն երկիր պետք է առաջնորդվի իր ազգային  շահերով։ Համենայնդեպս դատելով մամուլի հրապարակումներից կարող եմ ասել, որ հիմա աշխատանք է տարվում մեր բանակում  նոր իրավիճակից բխող մարտահրավերներին համարժեք քայլեր են իրականացվում։ Պետք է նաև բանակի վերազինում իրականացվի՝ ժամանակին համահունչ ու համաքայլ։

Այդ իմաստով Ֆրանսիան՝ որպես ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական առումով համաշխարհային մասշտաբով առաջատար երկիր ու Հայաստանի բարեկամ մեզ համար շատ կարևոր է։ Ու ցանկացած նման առաջարկ պետք է արժանանա ամենախորը և ամենալուրջ քննարկման»։

Շարունակելով Մեհրաբյանն ասաց. «Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կնայի դրան Ռուսաստանը, թույլ կտա, թե ոչ։ 30 տարվա անկախ պետության մեջ ժամանակն  է նման խոսակցություններն ընդհանրապես բացառել։ Դա բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ու ռազմաքաղաքական ղեկավարության որոշումների տիրույթում է»։

Մեր այն դիտարկմանը, թե պատերազմից հետո Հայաստանի մանևրելու հնարավորությունները թուլացել են, քաղաքագետն ասաց.«Պատերազմն ավարտվեց այն արդյունքով, որ Հայաստանի դիրքերը թուլացան բոլոր  բնագավառներում։ Բայց դա չի նշանակում, որ մենք դա միայն պետք է արձանագրենք, ձեռքներս ծալած նստենք, գլուխներս էլ կախենք, վիզներս ծռենք  ու սպասենք, թե Ռուսաստանը մեր գլխին կխփի՞, թե՞ ոչ»։

Ռուբեն Մեհրաբյանը նաև արձանագրում է, որ Ֆրանսիայի այս առաջարկը որոշակիորեն կապ ունի ֆրանս-թուրքական հարաբերությունների լարվածության հետ.«Իհարկե այդ ամենը չի կարող ազդեցություն չունենալ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև ու այն միտումները, որոնք առկա են այդ հարաբերություններում ու թույլ են տալիս մտածել, որ լավատեսության որևէ հիմք չկա, դա չի կարող խթանի դեր չկատարել ֆրանսիացիների մոտ նման առջարկ իրականացնելուց առաջ։Հայաստանին մնում է սրանից օգտվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով