Մամուլ

Օրենքով գող է կալանավորվել

Օրենքով գող է կալանավորվել

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է իրականացվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, հիշյալ խմբավորման մասնակցին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական աշխարհում «Բ․ Հ.» մականունով հայտնի անձը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ (օրենքով գող), գործել է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին։

Մասնավորապես, 2020թ․ փետրվարի 22-ի դրությամբ, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, վերջինս ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում։ Նա ընդունել է իրեն դիմած անձանց խնդրանքները՝ մի շարք քաղաքացիների կողմից նրանց պարտք եղած 7,000,000 ՀՀ դրամը, 39,000 ԱՄՆ դոլարը և տարբեր չափերի այլ գումարներ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վերադարձնելու վերաբերյալ առաջացած վեճը լուծելու համար։

Օգտվելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից՝ նա պատրաստակամություն է հայտնել անօրինական ճանապարհով՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը, լուծել դրանք և ձեռնամուխ է եղել հիշյալ գույքերը վերադարձնելու մասնավոր հարցերի լուծմանը։

Բացի այդ, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում ընդունելով տարբեր առիթներով տեղի ունեցած վիճաբանությունների մասնակից կողմերին՝ օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ լուծել է նրանց հարցերին առնչվող վեճերը:

օրենքով գողեր

Վերջիններս, ընդունելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը (օրենքով գող), համաձայնվել են վեճի լուծման պահանջված տարբերակին՝ դրանով իսկ փաստացի ներգրավվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Քննությամբ պարզվել է նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը հեռախոսազանգերի միջոցով, ինչպես նաև համակարգչային խաղասրահում հրահանգներ տալով, իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում։

Վերջինս 2024թ․ հունվարի 17-ին վերոնշյալ հասցեում, կազմակերպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաք՝ քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկել են նախորդ տարվա նոյեմբեր ամսին տեղի ունեցած վիճաբանության և դրան մասնակից անձանց հետագա գործողությունների և վարքագծի վերաբերյալ հանգամանքները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով։

Քրեական վարույթի շրջանակներում ևս 6 անձի նկատմամբ՝ որոնցից երկուսը՝ իրենց մասնավոր հարցերը լուծելու համար քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին (օրենքով գող) առերևույթ դիմողներ են, իսկ 4-ը՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ենթադրյալ մասնակիցներ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական ենթամշակույթին վերաբերող համապատասխան հոդվածներով։

Հիշյալ 7 անձինք ձերբակալվել են և նրանց ներկայացվել է մեղադրանք։

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող նշված անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանք և գրավ, 1 անձի նկատմամբ վարչական հսկողություն և գրավ, 1 անձի նկատմամբ վարչական հսկողություն, 2 անձի նկատմամբ բացակայելու արգելք։

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել էջում