Մամուլ

ՔՊ-ի դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է. Հայկ Կոնջորյան

ՔՊ-ի դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է. Հայկ Կոնջորյան

Հաստատում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Տիկին Վարդապետյանը թե իր մասնագիատական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաեւ օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարեւորագույն առաքելությանը, որը մեր կարծիքով պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Աննա Վարդապետյանը լինելով վարչապետի օգնական, նրան կարելի է նաեւ թիմի անդամ համարել, արդյոք նրա անաչառության հարցը դրանով չի դրվում կասկածի տակ, մասնավորապես, նա ինչպես է վարչապետի դեմ կամ կողմ որոշումներ կայացնելու, Կոնջորյանը պատասխանեց.

«Աննա Վարդապետյանը կուսակցական չէ: Ես վստահ եմ, որ տիկին Վարդապետյնն ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն լիազորված գործողությունները եւ լինելու է Սահմանադրության, օրենսդրության եւ իր խղճի առջեւ մաքուր ու պատասխանատու:

Աննա Վարդապետյան

Դուք հարցնում եք անաչառության մասին, մենք ունեցել ենք էլի թեկնածուներ, որտեղ այս դիտարկումը եւս արել են, բայց ես կարծում եմ, որ այդ դիտարկումները չի կարելի պրոյեկտել բոլորի վրա:

Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա խմբակցությունը քաղաքական մարմին է, ԱԺ-ն քաղաքական մարմին է եւ որեւէ մեկը կարող է ասել, որ եթե ձեր խմբակցությունն է առաջադրում եւ ընտրում, ապա դրանով չի՞ ստացվի, որ  թեկնածուն ինչ-որ առումով ձեզնից կաշկանդված է:

Եթե դրանով առաջնորդվենք, ապա խեղաթյուրվում է ընդհանրապես պառլամենտարիզմի էությունը: ԱԺ-ն է ընտրում գլխավոր դատախազին, ընտրում է է նաեւ դատական համակարգի ինչ-որ պաշտոնյաների: Դա չի նշանակում, որ այդ մարդիկ ավտոմատ փոխկապակցված են եւ կաշկանդված են լինելու իրենց որոշումներում»:

Կիսվել էջում