Մամուլ

Քոչարյանը լա՞վ ղեկավար էր, թե՞ ոչ․ թվեր. Yerevan.today

Քոչարյանը լա՞վ ղեկավար էր, թե՞ ոչ․ թվեր

Yerevan.today-ը գրում է. «Հայաստանում օրեցօր խորացող տնտեսական անկումը, զանգվածային սպառման ապրանքների եւ հատկապես սննդամթերքի թանկացումները սոցիալական ծանր կացություն են ստեղծել։ Ակնհայտ է, որ «ինչ անի խեղճ Նիկոլը» ասողները ինչ որ առումով իսկապես ճիշտ են՝ նա ի վիճակի չէ երկիր կառավարել։

Իրականում նա ոչ միայն ի վիճակի չէ երկիրը հետպատերազմյան ճգնաժամային ժամանակներում կառավարել, այլեւ, հանուն ճշմարտության, ասենք, որ անգամ խաղաղ ժամանակ չի արել դա։ Էլ ուր մնաց հիմա, երբ ազգի մեծամասնությունն առավոտները սկսում է անեծքներով դեպի պարտություն բերած իշխանությունը։

Եթե պետության հիմնական պարտավորությունը բնակչության անվտանգությունն ապահովելն ու զարգացման ճանապարհով տանելն է, ապա այս առումով, անգամ 30 ամյա անկախ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ժամանակաշրջան, երբ թե՛ երկրի անվտանգությունն է ուժեղացել, թե՛ տնտեսություն է զարգացել եւ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվել։ Այդ ամենը եղել է նույնպես խորը ճգնաժամից հետո։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների՝ 1998-2008 թվականների մասին է։

Ռոբերտ Քոչարյան

2000-ականներին 7-8 տարի շարունակ երկնիշ տնտեսական աճի շնորհիվ անգամներով աճել են մեկ շնչին ընկնող եկամուտը, միջին աշխատավարձը եւ միջին կենսաթոշակը։ Դրան զուգահեռ, սակայն, հիմնական ապրանքների եւ ծառայությունների գներն աննշան աճ են ունեցել, իսկ որոշ դեպքերում՝ անգամ նվազել են։ Համեմատենք 1998 թ․-ին մարդկանց եկամուտները բնութագրող հիմնական ցուցանիշները 2008 թ․-ի հիմնական ցուցանիշների հետ։

Միջին աշխատավարձը 1998 թ․-ին՝ 18 հազար դրամ կամ 35,6 դոլար

Միջին աշխատավարձը 2008 թ-ին՝ 87 400 դրամ կամ 286 դոլար

Կատարենք պարզ թվաբանական գործողություն եւ կտեսնենք, որ դրամով այդ տարիներին միջին աշխատավարձն աճել է 4,8 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 8 անգամ։

Միջին ամսական կենսաթոշակը 1998 թ․-ին եղել է 3800 դրամ կամ 7,5 դոլար

Միջին ամսական կենսաթոշակը 2008 թ․-ին՝ 21 370 դրամ կամ 71 դոլար

Դարձյալ կատարենք նույն թվաբանական գործողությունը եւ կտեսնենք, որ միջին կենսաթոշակը դրամով բարձրացել է 5,6 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 9,5 անգամ։

Հավելենք նաեւ, որ 90-ականներին ամիսներ շարունակ կենսաթոշակնեն ու աշխատավարձերը չէին վճարվում։ Խնդիրը կարգավորվեց 1997թ․-ին, մեկ-երկու ամսվա ընթացքում, Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակվելուց հետո։ Այսինքն, խնդիրները կարող են լուծվել նաեւ կարճ ժամանակահատվածում, եթե դրանք լուծելու ունակություն եւ ցանկություն ունեցող մարդ կա։

1 շնչին ընկնող ՀՆԱ 1998 թ․-ին՝ 153 հազար դրամ կամ 302 դոլար

1 շնչին ընկնող ՀՆԱ 2008 թ․-ին 1 մլն 127 հազար դրամ կամ 3 հազար 689 դոլար

Այսինքն, վերոնշյալ ժամանակահատվածում մեր երկրում 1 շնչին ընկնող եկամուտը դրամով աճել է 7,3 անգամ, իսկ դոլարով՝ 12,2 անգամ։ Թվերն ինքնին տպավորիչ են։ 

Այժմ, թե անգամներով եկամուտների աճին զուգահեռ ինչպես են փոխվել հիմնական պարենային ապրանքների գները։

karavarman tber

Թերեւս յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն դատողություններ անել ներկայացվածի վերաբերյալ։

Ինչ մնում է հիմնական ծառայություններին, ապա դրանք հետեւյալ կերպ են փոխվել․

Էլեկտրաէներգիայի սակագինը՝

1998 թ․-ին եղել է 20,6 դրամ 1 կՎտ/ժ-ը, 1999 թ․-ին դարձել է 25 դրամ եւ մինչեւ 2007թ․-ը մնացել անփոփոխ։

Ջրամատարակարարման սակագինը՝

1998թ․-ին եղել է 45,7 դրամ 1 խմ համար, 2007 թ․-ին՝ 130,5 դրամ։ Հիշեցնենք, որ այս ընթացքում մայրաքաղաքում հիմնականում կատարվել է անցումը ժամանակացույցով՝ 1-2 ժամ ջրամատակակարումից շուրջօրյա ջրամատակարարման։

Բնական գազի սակագինը՝

1998 թ․-ին եղել՝ 51 դրամ 1 խմ համար, 2007 թ․-ին՝ 59 դրամ 1 խմ։ Դարձյալ փաստենք, որ այդ տարիներին լայնածավալ գազիֆիկացում է տեղի ունեցել Հայաստանում, եւ 1998 թ․-ին բաժանորդների գրեթե զրոյական թվից 2007 թ․-ին 450 հազար ընտանիք դարձել էր գազասպառման բաժանորդ։ 

Նշեցինք միայն սակագները, այն էլ՝ մի մասը։ Առիթներ կլինեն անդրադառնալու «Լինսի» հիմնադրամի միջոցով հսկայածավալ քաղաքաշինությանը, դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը, մշակութային կառույցների շինարարական մեծ բումին ու բազմաթիվ ներդրումներին, որոնք հենց այդ բարձր՝ երկնիշ տնտեսական աճին բերեցին։

Գրեթե երեք տարի սուտ խոստումներով կերակրվող մարդիկ ժամանակն է, որ հիշեն տնտեսությունը զարգացնելու եւ մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու կատարած գործը եւ այն կատարողին։ Այլապես, նրանք ստիպված կլինեն դեռ երկար ապրել դատարկ եւ չիրականացվող խոստումներով, եթե, իհարկե, Հայաստանի Հանրապետությունը շարունակի գոյատեւել այդպիսի «կառավարման» պայմաններում»։

Կիսվել էջում