Շոու-բիզնես

«Փորձեցի դիտողություն անել, ինչն էլ ավարտվեց վիճաբանությամբ և նա դանակ հանեց»․ Արտյոմ Կարապետյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

«Փորձեցի դիտողություն անել, ինչն էլ ավարտվեց վիճաբանությամբ և նա դանակ հանեց»։ Դերասան Արտյոմ Կարապետյանն ավելի վաղ սոցցանցային հրապարակում էր արել այն մասին, թե երթևեկության կանոնները խախտած երթուղայինի վարորդի հետ վեճի է բռնվել։ Դերասանին բարկացրել էր այն հանգամանքը, որ վարորդը զինված է եղել և իրեն՝ կնոջ ներկայությամբ սպառնացել է։  

Tert.am Life-ը դերասանի հետ կապ է հաստատել։ Վերջինս նշեց, որ հիմա գործով զբաղվում է ոստիկանությունը․ «Իմ հրապարակած տեսանյութից հետո ոստիկանությունն արձագանքել է, իսկ այսօր  ես եղել եմ ոստիկանությունում, հաղորդում եմ ներկայացրել և գործողություններն իրենց տիրույթում են։ Դեպքից հետո ես վարորդին չեմ տեսել, որովհետև մնացածն արդեն ոստիկանությունը կանի»։

Արտյոմը դեպքից մանրամասներ պատմեց՝ նշելով․ «Երթուղայինի վարորդի կոպիտ խախտմանը ես փորձեցի դիտողություն անել, ինչն էլ ավարտվել է վիճաբանությամբ, իսկ նա պարզվեց զինված է՝ դանակ է հանեց։ Իսկապես բարկացել էի, որովհետև Հայաստանում երթուղայինի վարորդը զինված է և կարող է սպառնալ ցանկացածին՝ դիտողության դեպքում։ Ես ուղղակի շոկի մեջ եմ, որովհետև նման բան չէի սպասում»։

Հիշեցնենք, որ դերասանը տարիների դադարից հետո մոտ մեկ ամիս առաջ է Հայաստան վերադարձել։

«Հայաստանի հետ կապված իրոք շատ լավ տպավորություններ ունեմ և ամեն ինչ կանեմ, որ շարունակեմ այստեղ մնալ, որովհետև վերադարձել եմ։ Բոլոր երկրներում էլ նման մարդիկ կան և պետք է նրանցով զբաղվեն պատկան մարմինները»,- ասաց դերասանը։

Այս ընթացքում Արտյոմն ապրում է Սարալանջ գյուղում։ Ինչ վերաբերում է կրկին հեռուստատեսություն վերադառնալուն՝ Արտյոմն ասաց․ «Որևէ տեղ դեռ չեմ աշխատում։ Հեռուստատեսության ոլորտի մասով խոսակցություններ կան, բայց կոնկրետ բաներ դեռ չկան՝ ապրում եմ սովորական գյուղական կյանքով։ Կորպորատիվներ վարում եմ, սակայն ոչ հաճախ»։ 

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով