ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանն ասեց, թե երբ տեղի կունենա ԱԺ արտահերթ ընտրությունները

Այս տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է արձանագրենք, որ վերջին զարգացումներից հետո 2018թ.-ի դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ՀՀ-ում հաստատված է ուղիղ ժողովրդավարական իշխանություն: Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ չեն կայանա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները կկայանան»,- շեշտեց վարչապետը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական մի քանի ուժերի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանն ուղղված քայլերին, վարչապետը նշեց, որ դրանք միտումնավոր են արվում: «Հիմա, եթե հարց է գնում` հակահեղափոխություն կա, թե չկա, կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ ՀՀ-ում կա հակահեղափոխություն, և Հայաստանում հակահեղափոխական են այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը. ինձ հավաստիացնում են, որ դա 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է:

Այն պատգամավորը, ով կաջակցի այդ նախագծին, ինքը ցանկանում է, որ կոռուպցիոն նախագիծը հասնի ռևանշի կառավարության նկատմամբ, մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»,- նշեց նա: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հանդիպել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ ու նրան ներկայացրել ընտրությունների անցկացման շուրջ իր դիրքորոշումը:

Աղբյուր՝ armenpress.am

Կիսվել նյութով