Մամուլ

Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով. Վլադիմիր Կարապետյան

Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով. – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։

Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով:

Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ, որոնց մասին հանրությանը տրվել է պատշաճ տեղեկատվություն։

Այստեղից վարչապետը կրկին հագեցած գրաֆիկով ուղևորվելու է Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, և կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ և բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ:

Այնուհետև վարչապետը մեկնելու է Նյու Յորք, ներգրավվելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ։

Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, և կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երեւան։

Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարևոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով և սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել, մանավանդ, որ վարչապետը չէր կարող չմասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը:

Այսուհետ եւս, նման կարգավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս նպաստեն երկրի ղեկավարի այցի առավել արդյունավետ կազմակեպմանը»։

Share