Մամուլ

Տրանսպորտային միջոցների խախտումները նկարելու համար ինչ կարգ է սահմանված

Տրանսպորտային միջոցների խախտումները նկարելու համար ինչ կարգ է սահմանված

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի բջջային հավելվածի միջոցով տրանսպորտային միջոցով խախտում կատարելու վերաբերյալ հաղորդում տալու կարգը։

Այս մասին տեղեկանում ենք 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշումից։

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտատերերի կողմից բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու և դրանք խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու, կենտրոնում նյութի մշակման, վարչական տույժ նշանակելու մասին որոշման նախագծի կազմման, որոշումները համակարգելու ավտոմատացված տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ hամակարգ) կազմված է երեք ենթահամակարգից`

1) բջջային հավելված.

2) խախտումների արձանագրման կենտրոն.

3) որոշումների կառավարում:

ertevekutyan

Իրավաբան.net-ը ներկայացնում է օրենքով նախատեսված կարգը՝ նախատեսված բջջային հավելվածից օգտվելու համար։

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը հանդիսանում է «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում մշակված բջջային հավելվածից օգտվելու ուղեցույց։

2. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

2. Բջջային հավելվածը (այսուհետ՝ հավելված) տեխնիկական միջոցում ներբեռնելուց հետո, դրա օգտատեր դառնալու համար անձը պետք է անցնի գրանցում (նույնականացում)։ Գրանցումը կարող է իրականացվել eID կամ MOBILEID եղանակով՝ համապատասխան համացանցային կայքի միջոցով։

3. Մինչև նույնականացում անցնելն օգտատերը համաձայնում է համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, որի համար «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայմաններին» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում է «Դրույթներ և պայմաններ» պատուհանը: Ծանոթանալով համակարգի օգտագործման դրույթների և պայմանների հետ՝ տալիս է համաձայնությունը: Օգտատերն ընտրում է նույնականացման տեսակը, նշում է այն հեռախոսահամարը, որի վրա կարգաբերվելու է բջջային հավելվածը (հետագայում փոփոխելու հնարավորությամբ) և որին փոխանցվում է հաստատման կոդը։

4. Նույնականացում անցնելուց և հաստատման կոդը համակարգում մուտքագրելուց հետո օգտատիրոջ նշված հեռախոսահամարին ուղարկվում Է SMS հաղորդագրություն նույնականացումը հաստատվելու վերաբերյալ և բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։

5. Եթե օգտատերը նախկինում գրանցված է եղել համակարգում, ապա նույնականացում և ակտիվացում անցնելուց հետո բոլոր տվյալները կվերականգնվեն։

6. Բջջային հավելվածն օգտատերը կարող է ներբեռնել «Play Market» կամ «App Store» համակարգերից՝ կախված սարքի տեսակից, ինչպես նաև հաստատման SMS հաղորդագրությունում նշված հղումով։

7. Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում ընտրում է հավելվածի լեզուն և հաստատում։

8. Լեզուն հաստատելուց հետո օգտատերն ընտրում է «Նոր օգտատեր» դաշտը և անցնում է կոդի ակտիվացման էջ։

9. Բջջային հավելվածն ակտիվացնելու համար օգտատերը մուտքագրում է Հանրային ծառայությունների համարանիշը, որից հետո վեբ հավելվածում նշված հեռախոսահամարի վրա ստանում է ակտիվացման PIN կոդը և ինքնաշխատ եղանակով ակտիվանում է հավելվածը:

3. ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ

10. Հավելվածը գործարկելուց բացվում է գլխավոր էջը, որն ունի հետևյալ բաժինները՝

1) տեսանկարահանում.

2) լուսանկարահանում.

3) անընդհատ տեսանկարահանման ռեժիմ.

4) պատմություն.

5) հաշիվ.

6) ծանուցումներ.

7) կանոններ.

8) հետադարձ կապ:

4. ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

11. Տեսանկարահանում բաժինն ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել նկատված խախտումը։ Տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։

12. Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալուց համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։

13. Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև մուտքագրում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

14. Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերն ստեղծված նյութը կարող է ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Օգտատերը մինչև ստեղծված նյութը խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելը կարող է դիտել արձանագրված տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում ստեղծված նյութը խախտումների արձանագրման կենտրոն չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

5. ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

15. Լուսանկարահանում բաժինն ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է լուսանկարել նկատված խախտումը, բայց ոչ ավելի, քան 5 լուսանկար:

16. Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

17. Համապատասխան գործողությունները կատարելուց հետո, 1 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Լուսանկարում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում ստեղծված նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

6. ԱՆԸՆԴՀԱՏ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՌԵԺԻՄ

18. Անընդհատ տեսանկարահանման ռեժիմ բաժինն ընտրելու դեպքում օգտատերը բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել իր շարժման ընթացքը:

19. Տեսախցիկի տեսադաշտում խախտում հայտնվելու դեպքում կարող է տալ հրահանգ արձանագրել այն, որից հետո համակարգն սկսում է առանձնացնել տեսաձայնագրությունը հրահանգը տալուն նախորդող 10 վայրկյանից սկսած: Առանձնացվող տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։

20. Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալուց համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։

21. Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

22. Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Օգտատերը մինչև ստեղծված նյութը խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելը կարող է դիտել արձանագրված տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում ստեղծված նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է ։

7. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

23. «Պատմություն» բաժնում ցուցադրվում են տվյալ օգտատիրոջ կողմից սահմանված ժամանակահատվածում արձանագրված և ուղարկված ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ նյութերի քաղվածքը և դրանց կարգավիճակները։

24. Նյութերի քաղվածքը պետք է պարունակի տեղեկատվություն տեսանյութի կամ լուսանկարի արձանագրման ժամանակի, ընտրված իրավախախտման տեսակի, արձանագրման վայրի և այն խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու ժամանակագրության մասին։ Համակարգի կողմից արդեն իսկ արխիվացված տվյալները չեն ցուցադրվում:

8. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՇԻՎ

25. «Օգտատիրոջ հաշիվ» բաժնում ցուցադրվում են օգտատիրոջ անձնական տվյալները, որոնք համակարգում գրանցվել են նույնականացման գործընթացի ժամանակ (անուն, id, ազգանուն, հայրանուն և այլն)։

26. Օգտատիրոջ անձնական տվյալները ենթակա չեն փոփոխման։

27. Եթե օգտատերը դուրս է եկել սեփական հաշվից, ապա մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացման և ակտիվացման գործընթացը՝ նշելով «Գրանցված օգտատեր» դաշտը։

28. Օգտատերը կարող է իր անձնական հաշիվն ապաակտիվացնել օգտագործելով վեբ (web) հավելվածը։

9. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

29. «Ծանուցումներ» բաժնում ցուցադրվում է համակարգի և խախտումների արձանագրման կենտրոնի կողմից ուղարկված ծանուցումների ցուցակը։

10. ԿԱՆՈՆՆԵՐ

30. «Կանոններ» բաժնում օգտատիրոջը տրվում է հակիրճ տեղեկատվություն համակարգի աշխատանքի և նպատակի մասին, ինչպես նաև համակարգից օգտվելու կանոնների և դրույթների մասին։

11. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

31. «Հետադարձ կապ» բաժնում օգտատիրոջը տրամադրվում է խնդիրների դեպքում համակարգի սպասարկողների հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները։

12. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

32. Հավելվածում գրանցված անձի հավելվածից օգտվելու իրավունքը համակարգի վարչական մարմնի կողմից կարող է սահմանափակվել 2 ամիս ժամկետով, եթե՝

1) 1 ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ 2 անգամ ներկայացված տվյալներով վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվել է (խախտումը չի հիմնավորվել).

2) 1 ամսվա ընթացքում 5 և ավելի անգամ ներկայացրած տվյալների արդյունքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվել է (խախտումը չի հիմնավորվել կամ հնարավոր չէ նույնականացնել խախտումը կատարող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը):

Կիսվել նյութով