Մամուլ

«Տնտեսական աճի տեմպը գահավիժում է, ստվերն ավելացել է» ահազանգում է Հրանտ Բագրատյանը

«Տնտեսական աճի տեմպը գահավիժում է, ստվերն ավելացել է» ահազանգում է Հրանտ Բագրատյանը։ Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է, կարծում է Հրանդ Բագրատյանը։

«ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական թվերը։ Ըստ այդմ տնտեսական աճը կազմել է 5.7%։ Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է։

Հիշեցնենք, որ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ 2018-ի առաջին 4 ամիսներին (այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը)՝ 9.7%։ Վատացել է նաեւ տնտեսության կառուցվածքը։ Շատ արագորեն բարձրանում է ծառայությունների ոլորտը (աճ՝ 18.4%) ու հատկապես խաղերի, լոտոների, կազինոների եւ այլն տեսակարար կշիռը։ Վարչապետի ու կառավարության անդամների (պաշտոնակատարների) ասածները առայժմ իրականությանը չեն համապատասխանում՝ իննովացիոն տնտեսության արտառոց աճ գոյություն չունի»։

Ըստ փորձագետի, տնտեսության ոչ բարենպաստ կառուցվածքային փոփոխությունների պատճառով բյուջեի եկամուտների ադեկվատ աճ չի գրանցվել։

«2018-ի հունվար հոկտեմբերին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1067 մլրդ դրամ (2017-ին՝ 994)։ Սակայն երբ 994-ը բազմապատկում ենք 1.06-ով (տնտեսական աճը) եւ գնաճով (2.7%), ապա պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեին՝ 994×1.06×1.027=1082 մլրդ դրամ։ 15 մլրդ բացակայում է։ Արդյունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշն անկում է ապրել։

Այսինքը` ստվերը մի փոքր ավելացել է։ Ոչ մի էական հաջողության չի եղել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջեի համալրման գործում։ Այլ եկամուտները (57 մլրդ դրամ) միայն 8 մլրդ-ով են ավել եղել 2017-ի համապատասխան ցուցանիշից (49 մլրդ դրամ)։ Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարից փողերը ենթադրաբար այստեղ են հաշվեգրվում, ապա արդյունքը չնչին է»։  

Նա նաև անդրադարձել է պարտադիր կուտայաին ծրագրին և դրան հաջորդող բոլոր հնարավոր խնդիրներին։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում