Մամուլ

Տիգրան Սարգսյանը մտավ Ռոբերտ Քոչարյանի մոտ՝ համոզեց

Տիգրան Սարգսյանը մտավ Ռոբերտ Քոչարյանի մոտ՝ համոզեց

Hraparak.am-ը գրում է․ Կուտակային կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերությունն այս տարվա առաջին կիսամյակում, ինչպես հայտնի է, բացասական է եղել, այսինքն՝ կուտակայինի մնացորդը չի ավելացել, այլ պակասել է, չնայած հազարավոր քաղաքացիներ կատարել են իրենց մուծումները:

Կենսաթոշակային հաշվի մնացորդն ուսումնասիրելով, մարդիկ հանկարծ բացահայտել էին միջոցների ահռելի կորուստներ եւ տարակուսել: Այսպես որ գնա՝ կենսաթոշակի գնալուց կուտակված գումարներ չեն լինի եւ իրենք կմնան առանց ծերության նպաստների։

«Արդեն քանի ամիս է կենսաթոշակի կուտակած գումարները ոչ միայն եկամուտ չեն բերում, այլև ամիսը 30-50 հազար դրամի կորուստ եմ ունենում։ Այսինքն, Հայաստանից փողը գնում ա ու ինչ-որ արժեթղթեր դառնալով արժեզրկվում։ Էս էլ կենսաթոշակայինի խերը», – գրող Համբարձում Համբարձումյանն էր ահազանգել ֆեյսբուքում:

«Ով է պատասխանատու վերջին 2 եռամսյակում իմ կուտակային հաշիվներից 508.138 և 100.063 դրամ կորստի համար (այդպիսիք առկա են նաև նախորդ տարիներին), ինչ պարզաբանումներ կարող է կրկին ներկայացնել ԿԲ և Կենտրոնական Դեպոզիտարիան՝ հաշիվներիցս նման մեծությամբ գումարների կորստի վերաբերյալ:

Այն մասնագետները կամ պետական պաշտոնյաները, ովքեր կրկին կփորձեն արդարացնել ֆոնդերի կառավարիչների գործողությունները՝ պատճառաբանելով համաշխարհային ֆոնդային ինդեքսների, փոխարժեքների տատանումներով, կամ այլ լոլոներով, կդառնան այս ամենի մասնակից և հավասարապես պատասխանատու են լինելու կատարվածի համար», – հարցնում-հայտարարում  է Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանը:

Թոշակները

Այս աղմուկից շատ չանցած Կենտրոնական բանկից «լոլոները» հնչեցին: ԿԲ-ն, որը կուտակային ռեֆորմի նախաձեռնողն է եղել Հայաստանում և որի որոշումներով են գումարները ներդրվել այլ երկրների ակտիվներում, շտապեց հանգստացնել մարդկանց, թե բացասական եկամտաբերությունը ժամանակավոր երևույթ է և հետագայում  նրանք շատ ավելի մեծ եկամուտներ կստանան: Իբրեւ թե արտարժույթի հետ կապված խնդիր է, առաջիկայում հակառակ տենդենցը կունենանք։ 

«Բաժնեմասի արժեքը երբ որ իջել է՝ հաշիվներին մեր վճարած դրամով գումարի դիմաց շատ ավելի բաժնեմասեր ենք գնում։ Երբ տոկոսադրույքները նորից սկսեն իջնել՝ այդ ցածր գնով գնած ակտիվները արժեւորվելու են, եւ մեր եղած պորտֆելների հետ միասին շատ ավելի մեծ եկամտաբերություն ենք ունենալու», –  նշել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ասուլիսի ժամանակ: 

Այնուամենայնիվ խուճապը չի դադարում: «2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարներն արժեզրկվել են արտասահմանյան բաժնետոմսերի գների, արտասահմանյան և հայաստանյան պարտատոմսերի գների անկման, ինչպես նաև ԱՄՆ դոլար և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի կտրուկ արժևորման արդյունքում», – հաշվել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Իր վեց մասից բաղկացած վերլուծականում՝ «Միֆեր»-ում, նա  հիշեցնում է, որ ցնցումներով լի մեր տարածաշրջանում մի քանի տասնամյակի ժամանակահատվածը շատ երկար է և ռիսկային՝ կուտակային կենսաթոշակի ծրագիրն իրականացնելու համար: 

կենտրոնական բանկ

Մենք գիտենք, որ այս ծրագրի մասին խոսակցությունները սկսվել են շատ վաղուց, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը դեռեւս նախարար չէր, բայց աշխատում է սոցապում։

Նա մեզ հետ զրույցում ասում է, որ իր խիղճը հանգիստ է, դեռևս 99 թվականի աշնանից է խորապես ուսումնասիրել այս հարցը: Նախարարությունն այն ժամանակ մշակել է կուտակային համակարգի հետ կապված բոլոր սցենարները, բոլոր ռիսկերը և եզրակացրել, որ այս համակարգի ներդրումը Հայաստանում նպատակահարմար չէ: Այն ժամանակ այս ծրագրի իրագործումը կասեցրել են եւ այն մեծ թափով առաջ է մղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ֆինանսական նման ռիսկային ծրագրերի մեծ ջատագով էր: 

«Այն երկրները, որոնք հաջողության էին հասել՝ ինչպես Չիլին, օրինակ, հետագայում խնդիրներ են ունենում: Հիմա, երբ տեղի է ունենում տնտեսական կապերի խզում, մեծ ինֆլյացիաներ, այդ հիմնադրամները, որոնք ձևավորվում են բիզնես ծրագրերի իրականացման համար, մեծ մասամբ տուժում են: Եկամտաբերության անկումը կանխատեսելի էր: Եկամուտները ոչ միայն կարող են պակասել, այլև ընդհանրապես ոչնչանալ:

Դա կախված է այն կազմակերպություններից, որոնք պետք է ներդրումներ անեն։ Եթե դրանք սնանկացան, այդ ամբողջ գումարի պատասխանատվությունը  մնում է պետական բյուջեի վրա: Կոլապսի դեպքում պետությունը պետք է երաշխավորի, ինչը վտանգավոր է պետության համար», – ասում է նա: 

Ըստ Ռազմիկ Մարտիրոսյանի, այն, որ պետբյուջեն իր վրա վերցրեց այս ծրագրի համար վճարումների վերադարձելիության երաշխիքները, կոպիտ սխալ էր, որի արդյունքներն անպայման զգալի կլինեն համաշխարհային ճգնաժամների ժամանակ, և դա մեծ ռիսկեր է առաջացնելու պետական բյուջեի համար: «Կգա մի պահ, որ այդ գումարների փոխհատուցումն ավելին կլինի, քան  այն գումարը, որը բյուջեն ի վիճակի է որպես երաշխավոր տալու: Այդ ռիսկերը, որոնց մասին մենք 99-ին զգուշացնում էինք, հաշվի չեն առնվել», – ասում է Ռազմիկ Մարտիրոսյանը:   

Հիշեցնենք՝ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների, կուտակված գումարների վերադարձելիության 20 տոկոսը երաշխավորում է Երաշխիքային ֆոնդը, իսկ մնացած 80 տոկոսով` Հայաստանի Հանրապետությունը: 

Այլ սխալներ էլ կան: «Նախ, դա պետք է արվի տվյալ երկրում, օրինակ, Հայաստանում տնտեսական վերելքի ժամանակ, երբ ներդրումների պահանջ կառաջանար և աշխատավարձերը կսկսեին ավելանալ: Դրա նպատակը և արդյունքը պետք է լիներ այն, որ նոր աշխատատեղեր ստեղծվեին և սոցիալական վճարներն ավելանային: Երկրորդը՝ որ այդ գումարները պետք է մնային երկրի ներսում: Եթե այդ պայմանները չկային, ապա չէր կարելի սկսել ընդհանրապես»:

Այն ժամանակվա սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը առաջարկել է, այսպես կոչված, «պայմանական կուտակային համակարգը», երբ բիզնես բաղադրիչը հանված է, և քաղաքացին իր գումարը կուտակում է սեփական հաշվին, հետագայում կենսաթոշակը ստանալով ըստ իր կատարած սոցվճարների:  

Բայց այն ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը 2005 թվականին մի կողմ է դնում սոցապ նախարարության մշակած սցենարները, մտնում է նախագահ Քոչարյանի մոտ: «Տիգրան Սարգսյանն ասում է՝ սոցապը չի կարողանում, սոցապը չի անում, Կենտրոնական բանկը զբաղվում է սոցիալական քաղաքականությամբ, և քանի որ բանկիրային մոտեցում են ցույց տալիս, բերում է այս վիճակին»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում