Մամուլ

Տարածքում կա հոգեկան խնդիր ունեցող մարդ, և ոչ ոք չի ստուգում, թե այդ մարդն ինչով է զբաղված․ հոգեբան

Տարածքում կա հոգեկան խնդիր ունեցող մարդ, և ոչ ոք չի ստուգում, թե այդ մարդն ինչով է զբաղված․ հոգեբան

MediaHub.am-ը գրում է․ Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը շարունակում է մնալ լայն քննարկումների առիթ․ արդյո՞ք հոգեպես առողջ մարդը կարող էր մի ամբողջ ընտանիքի սպանել, նման դեպք տեղի կունենա՞ր, թե հասարակությունն այսքան անտարբեր չլիներ ու պատասխանատու մարմիններն էլ իրենց գործում չթերանային։

Հարցեր, որոնց պատասխանը MediaHub.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ։

Նրա խոսքով՝ այս ողբերգության պատճառը մեկը չէ։

«Ես եռագլուխ դև եմ այստեղ տեսնում՝ մինչ այս պրոբլեմը։ Սկսենք առողջապահության ոլորտի աշխատողներից, որոնք գիտեն, որ տարածքում կա հոգեկան խնդիր ունեցող մարդ, և ոչ ոք չի ստուգում, թե այդ մարդն ինչով է զբաղված, ինչ է անում, ինչպիսինն է իր կենցաղը։

Որպեսզի առողջապահության ոլորտն իմանա՝ տարածքում հիվանդ կա, պիտի տեղական ինքնակառավարման մարմիններն այդ մասին ահազանգեն, որ տարածքում հոգեկան խնդիր ունեցող կա, իսկ այդ հարցում էլ պետք է աջակցություն ցուցաբեր հասարակությունը՝ խնդիրը բարձրաձայնելով, տեղեկացնելով, որ իրենց հարևանությամբ հոգեկան խնդիր ունեցող մարդ է ապրում»,- ներկայացրեց հոգեբանը։

Ըստ Ծատուրյանի՝ մեր հասարակությունն այդպես էլ չհասկացավ, որ եթե կողքին խնդիր կա, ապա այն ինչ-որ մի պահի թակելու է իր դուռը։ 

«Իմանալով տարածքում գիժ կա, մարդիկ դուռը պինդ փակում են ու շարունակում ապրել։ Ոչ ոք չի դիմել ո՛չ ոստիկանությանը, ո՛չ բուժհաստատությանը, ո՛չ էլ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին։

Ու ես չգիտեմ, թե արդյոք այս դեպքից հետո ինչ-որ բան փոխվելու է մեր հասարակությունում։ Եթե նշածս օղակներից գոնե մեկն իր գործը լավ արած լիներ, ապա նման դեպք չէինք ունենա»,- նշեց հոգեբանը։

Իրինա Ծատուրյանի դիտարկմամբ՝ մեր բոլոր կոտորածներն էլ հենց այդ օղակների քնած լինելու պատճառով են եղել, քանի որ մեզ մոտ այդպես էլ չի ձևավորվել «մենք»-ի ինստիտուտը, թեև քաղաքացիական հասարակության բջիջը ոչ թե «ես»-ն է, այլ՝ «մենք»-ը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով