Մամուլ

Վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Արա Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Արգավանդի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա Իզաբելա Դ.-ին:

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետ փորձել է հասնել հիվանդանոց, սակայն ճանապարհին իր տեսադաշտից շտապօգնության ավտոմեքենան կորցրել է, ինչից հետո ճանապարհին նկատել է պարեկներին, մոտեցել նրանց, և հայտնել դեպքի մասին:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

Կիսվել էջում