ՄամուլՏեսանյութ

Վստահ եմ մերժվածի և Օնիկ Գասպարյանի զրույցի ձայնագրությունները կան․ դեռ հրապարակելու ժամանակը չէ․ Հրաչյա Հակոբյան (Տեսանյութ)

Վստահ եմ մերժվածի և Օնիկ Գասպարյանի զրույցի ձայնագրությունները կան․ դեռ հրապարակելու ժամանակը չէ․ Հրաչյա Հակոբյան (Տեսանյութ)

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։

-Պարո՛ն Հակոբյան, վարչապետը հայտարարում է, թե Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ է եղել՝ նկատի ունենալով Գլխավոր շտաբի հայտարարությունը։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են հեղաշրջման փորձ կատարողներն ազատության մեջ և շարունակում են պաշտոնավարել։

-Գիտեք, այդ հայտարարության հետ կապված պրոցեսները շարունակվում են, և թե ինչ կլինի հետագայում, դեռ վաղ է խոսել դրա մասին։ Այնպես որ՝ հարցեր կան, իրավապահները կքննեն և, ըստ այդմ, կլինեն գործողություններ։

-Շտաբի հայտարարությունը կքննե՞ն իրավապահները։

-Չեմ կարող ասել։ Եթե իրավապահներն էդտեղ որևէ գործողություն տեսնեն, որ արժանի է քննության, կարծում եմ՝ պրոցեսը կլինի։

-Խնդիրն այն է՝ վարչապետն է հայտարարում, որ ռազմական հեղաշրջման փորձ էր, և դա բավականին ծանր մեղադրանք է։

-Վարչապետը հայտարարում է, բայց միայն վարչապետի հայտարարելով չի, որ․․․ դա իրավական գործընթաց է իրենից ենթադրում, և հիմա, կարծում եմ, մանրամասն ուսումնասիրում են թե՛ վարչապետի հայտարարությունը, թե՛ ԶՈՒ Գլխավոր շտաբինը։ Միգուցե, ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունն ավելի քողարկված ռազմական հեղաշրջման ակնարկներ է իր մեջ պարունակում։ Իրավական համակարգը պետք է գնահատական տա։

-Մենք խոսում ենք պետության ներքին անվտանգության մասին։ Դուք վստա՞հ եք, որ ռազմական հեղաշրջման փորձն ավարտվել է և ինչ-որ պահի Երևանի փողոցներում տանկեր չեն հայտնվի։

-Ավարտվել է և հանրությունը որևէ ձևով դրան չաջակցեց։ Հանրությունը, բացի այն, որ մերժել է և մերժում է բռնությունը՝ որպես քաղաքական հարցեր լուծելու ճանապարհ, վստահ եմ՝ հանրությունը երբեք չի ողջունի, որ հայ զինծառայողը զենք բարձրացնի հայի վրա։ Դա մեկ անգամ արդեն տեսել ենք 2008 թվականին, դա արհավիրք էր, դա չարիք էր մեր երկրի համար և այլևս նման բան պետք է տեղի չունենա մեր երկրում։

Օնիկ Գասպարյան

-Ի՞նչը դուրս բերեց ռազմական ղեկավարությանը քաղաքական իշխանության դեմ։ Սա ոչ միայն ներքին անվտանգության հարց է, այլ ուղիղ կապ ունի պետության սահմանների պաշտպանության հետ։

-Դրա մասին վարչապետը նույնպես արեց հայտարարություն, որ երկրի գլխավոր մերժվածը որևէ ձևով մասնակցել է այդ գործընթացին։ Թերևս, ես դա չեմ բացառի և ավելին ասեմ՝ վարչապետը հենց այնպես հայտարարություն չէր անի։

Այո, ես գրեթե վստահ եմ, որ կան այն ձայնագրությունները, որոնց մասին խոսվում է։ Դրա մասին նաև իրենք են խոսում։

-Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի՞ միջև խոսակցության ձայնագրություն։

-Այո՛։ Իմ մտորումներից մեկը հենց դա է, որ ինչ-որ միջնորդություն է եղել դրսից այդ գործընթացն սկսելու համար։ Դրսից ասելով՝ նկատի ունեմ Գլխավոր շտաբից դուրս։ Այսինքն՝ դա միգուցե եղել է Սերժ Սարգսյանը կամ այլ անձինք նույնպես եղել են, ամեն դեպքում՝ որևէ տեղից աշխատել են ուղղությամբ։

-Դուք լսե՞լ եք այդ ձայնագրությունները։

-Չէ, ես չեմ լսել այդ ձայնագրությունները, բայց վստահ եմ, որ հենց այնպես դրա մասին չէր խոսվի։

Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով