Մամուլ

Վիճաբանություն և ծեծկռտուք Նոյեմբերյան համայնքի ղեկավարի և «Տավուշ միջազգային հայրենակցական միության» նախագահի միջև

Վիճաբանություն և ծեծկռտուք Նոյեմբերյան համայնքի ղեկավարի և «Տավուշ միջազգային հայրենակցական միության» նախագահի միջև

Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա մայիսին վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի բնակիչներ 39-ամյա Սերյոժա Բարսեղյանի և 50-ամյա Արսեն Աղաբաբյանի միջև, որի ժամանակ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և գործի է դրվել հրազեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոյեմբերյանի ոստիկանները պարզել են, որ մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Ա. Աղաբաբյանին է դիմել Ս. Բարսեղյանը իրեն 1 հեկտար հողատարածք հատկացնելու պահանջով, իսկ երբ Ա. Աղաբաբյանը հայտնել է ինչ նպատակով, նա հայտնել է, որ ուզում է հանգստյան գոտի ստեղծել:

Դրանից հետո, երբ մերժում է ստացել Ս. Բարսեղյանը, Ա. Աղաբաբյանին անվանել է «թուրք», ինչից հետո վերջիններիս միջև լեզվակռիվ է շարունակվել ու վերածվել է ծեծկռտուքի:

Օպերատիվ տեղեկություններով այդ ժամանակ Ս․ Բարսեղյանը ավտոմեքենայից հանել է «Սայգա» տիպի հրազենը, սակայն Ա. Աղաբաբյանը կարողացել է խլել նրա ձեռքից: 

Գ. Շամշյանի տեղեկություններով Ա. Աղաբաբյանը հրավիրվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց: 

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվել և դրանք փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին: Ձեռնարկվում են նաև միջոցառումներ Ս. Բարսեղյանին և նշված զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աղաբաբյանը Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարն է, իսկ Ս. Բարսեղյանը՝ «Տավուշ միջազգային հայրենակցական միության» նախագահը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում