Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ
Այսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ովքեր ըստ դեպքի վայրում հավաքվածների 2 հոգու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 4 պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։
Ժամանել են Քննչական կոմիտեի քրեագետները։Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասված ավտոմեքենաների սեփականատերերի, վիրավորների և դեպքի մասնակիցների ինքնությունը։



