Մամուլ

Վթարից զոհված 18-ամյա Եվա Փարսյանն ուսուցչուհու հետ էր մեկնել Արևմտյան Հայաստան․ վերջինը նույնպես զոհվել է

Վթարից զոհված 18-ամյա Եվա Փարսյանն ուսուցչուհու հետ էր մեկնել Արևմտյան Հայաստան․ վերջինը նույնպես զոհվել է

Շիրակի մարզի ողբերգական վթարի հետեւանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18-ամյա Եվա Փարսյանն է (նկարում՝ ձախից)։ Նա Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից էր։ Ուներ իրենից փոքր մեկ եղբայր։ Սովորել էր Կոռնիձորի Արմաթ ինժեներական լաբորատորիայում։ 

«Եվան այս տարի ընդունվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Մեր ամենախելացի, ակտիվ ու ընդունակ երեխաներից էր»,- News.am-ի հետ զրույցում ասաց Արմաթ լաբորատորիայի դասընթացավար Էլա Ղահրամանյանը։

Եվան Արեւմտյան Հայաստան էր մեկնել իր պատմության ուսուցչուհու՝ Նարե Ամարյանի հետ (նկարում՝ աջից)։ Նարեն նույնպես մահացել է ավտովթարի հետեւանքով։ Նա 27 տարեկան էր, ամուսնացած չէր, ուներ երկու քույր։

«Երկուսն էլ պատմություն շատ էին սիրում, ուրախությամբ գնացել էին իրենց պատմական հայրենիքը տեսնելու։ Ես էլ պետք է գնայի իրենց հետ, բայց վերջին պահին ծրագրերը փոխվեցին»,- նշեց Էլան։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։

Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Կիսվել էջում