Մամուլ

Վերջին անգամ եմ անդրադառնում վերջին օրերի իրադարձություններին․ Էդմոն Մարուքյան

Վերջին անգամ եմ անդրադառնում վերջին օրերի իրադարձություններին․ Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՜ հայրենակիցներ, կարծում եմ՝ անհրաժեշտ է մի վերջին անգամ անդրադառնալ վերջին օրերի իրադարձություններին և հստակեցնել մեր մոտեցումը։

Ակնհայտ է, որ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նկատմամբ կառավարող թիմի կողմից գործադրվել է բռնություն, որը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև հանցավոր անտարբերությամբ և մանիպուլատիվ հնարքներով արդարացվել է ու լեգիտիմացվել։

Հայտնի օրինաչափություն է, որ բռնության արդարացումը ծնում է նորանոր բռնության դեպքեր և պատճառ է դառնում արատավոր երևույթի զանգվածային տարածման համար։

Այս նույն տրամաբանությամբ մայիսի 8-ին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների գործադրած բռնության չդատապարտումն ու արդարացումը հանգեցրեց անպատժելիության գիտակցման, ինչի հետևանքով էլ պատգամավոր Սասուն Միքայելյանը վերստին գործի դրեց սպառնալիքների և հաշվեհարդարի հռետորաբանությունը։

Ավելին, մեզ սպառնացին ԵԿՄ-ի ազատամարտիկների հաշվեհարդարով, ինչպես նաև մանդատը վայր դնելու անհամաչափ վերջնագիր ներկայացրեցին։ Ինչո՞ւ պետք է ընդդիմադիր գործիչը մանդատը վայր դնի, եթե հենց ինքն է բռնության զոհը։

Փաստացի կառավարող թիմն իր անհանդարժողականությամբ և ամբողջատարիկան մտածողությամբ փորձում է սահմանափակել ընդդիմության գործունեությունը, ազատ խոսքն ու այլակարծությունը։

Կարծում եմ, որ բոլոր այս միջադեպերը պետք է ոչ միայն քաղաքական գնահատական ստանան, այլ նաև արժանանան իրավապահ կառույցների՝ ՀՔԾ-ի և դատախազության ուշադրությանը։

Սիրելի՜ հայրենակիցներ, այս ամենի հետ զուգընթաց հասկանալի է նաև, որ մենք էլ անսխալական չենք և երբեմն չափազանց զգացմունքային ենք արձագանքում այս կամ այն իրադարձությանը։ Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ կառավարող թիմը հստակ խնդիր է դրել խորհրդարանական ընդդիմության կազմաքանդման ուղղությամբ։

Նրանք ցանկանում են չեզոքացնել իրենց հիմնական ընդդիմախոսներին և մնալ անվերահսկելի։ Մեր բարի համբավը արատավորելու նպատակով ամեն օր մեզ պիտակներ են կպցնում և կապում ինչ-որ «մութ և դավադիր» ուժերի հետ և առանց որևէ լուրջ հիմնավորման։

Մեզ փորձում են ահաբակել և վախեցնել՝ դիմելով տարատեսակ զազրելի մեթոդների։ Հիշեցնենք, որ նման կերպ ընդդիմության հետ վարվում էին նաև նախկին վարչակազմերը:

Սիրելի՜ ընկերներ, անկախ ամեն ինչից և բոլոր հանգամանքներից, Լուսավոր Հայաստանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը՝ հավատարիմ մնալով իր լուսավոր արժեքներին և ավանդույթներին։ Մենք պատրաստ ենք դիմագրավել ցանկացած մարտահրավերի և մինչև վերջ գնալ հանուն մեր գաղափարների։

Իսկ կառավարող թիմը պետք է ներողություն խնդրի հարձակման համար և համապատասխան քաղաքական գնահատականով երաշխավորի, որ այլևս խորհրդանարանում և ցանկացած տեղ ազատ խոսքն ու այլակարծությունը չեն ճնշվելու։ Առանց այս հիմնարար արժեքների ամրագրման Հայաստանի ժողովրդավարական ապագան վտանգված է։

Շնորհակալություն բոլոր աջակցողներին և լայնախոհություն բոլոր այն մարդկանց, որոնք օր ու գիշեր արդարացրեցին բռնությունը։

Ցավում եմ, եթե ինչ-որ դրվագներում վրիպել եմ, բայց իմ վրիպումները աննշան հետևանք կարող են թողնել Հայաստանի ապագայի վրա, իսկ իշխանության կողմից բռնության իրագործումն ու լեգիտիմացումը կործանարար ճահիճ է, որը քայքայելու է մեր պետության հիմքերը։

Այսքանով կսպասենք համապատասխան գործողությունների իշխանությունների կողմից վերոշարադրյալ պահանջների լույսի ներքո, իսկ գնդակն այլևս գտնվում է ՀՔԾ-ի և դատախազության տիրույթում։ Հուսով եմ՝ իրավապահ կառույցները վերջապես համարժեք միջամտությամբ իրավական գնահատական կտան կատարվածին»։

Կիսվել էջում