Մամուլ

Վենդետա՞. Վեդիում ինքնաձիգից կրակել են տարիներ առաջ «օրենքով գող» Մարսոյին սպանողի որդու ուղղությամբ

Վենդետա՞. Վեդիում ինքնաձիգից կրակել են տարիներ առաջ «օրենքով գող» Մարսոյին սպանողի որդու ուղղությամբ

Մայիսի 8-ին կրակոցներ են հնչել Արարատի Վեդի քաղաքում: Անհայտ անձը ինքնաձիգով մուտք է գործել Վեդի քաղաքի Արարատյան 117 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածք, այնուհետև մտել սենյակ և մի քանի կրակոց է արձակել Վեդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Լաերտ Շ.-ի ուղղությամբ:

Վերջինս կարողացել է խուսափել կրակոցներից, այնուհետև ոտքով հասցրել է հարվածել դռանը և դուռը փակվել է: Դրանից հետո զինված անձը դրսից ևս մի քանի կրակոց է արձակել և դիմել փախուստի:

ArmDaily.am-ին դեպքի մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով, հավանական է, որ դեպքը կապված է «օրենքով գող» Մարսո մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ:

Վերջինս սպանվել էր 2009-ի հունիսի 19-ին՝ իր տան դիմաց, դիմահար կրակոցից: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վերջինիս սպանել է Վեդի քաղաքի բնակիչ, 1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը, ով խոստովանել էր արարքը (դատական գործի մանրամասներն այս հղմամբ):

Սակայն գողական աշխարհում ոչինչ անհետևանք չի մնում: 2009թ-ի նոյեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, սպանվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն` 51-ամյա Սամվել Շաբոյանը, ու այդ սպանությունը, ինչպես շատ արագ հայտնի դարձավ, վրեժխնդրության հետեւանք էր:

Դեպքը տեղի էր ունեցել Երեւանի Մյասնիկյանի պողոտայում` Նոր Նորք տանող ճանապարհին: Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենային աջ կողմից հավասարվել էր անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ էր արձակվել:

Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Սամվել Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել էր:

Իսկ ավտոմեքենայի ղեկին գտնված 48-ամյա Ռոբերտ Սարգսյանը մարմնական վնասվածք չէր ստացել: Նա արգելոցի անտառապետն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով