ՄամուլՏեսանյութ

Վարսավիրի հայրը հաստատում է՝ իր որդու և Արարատի մարզպետ միջև քաշքշուք եղել է (Տեսանյութ)

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, որը չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց վարսավիրի հայրը ՝ Ռազմիկ Բարֆյանը: Ինքը՝ մարզպետը, հերքում է, թե նման միջադեպ է տեղի ունեցել:

«Մարզպետն է ուզեցել գնալ, ասենք, մազերը կտրի, թե ինչ-որ մի թեթև թեթևացնի: Սերոբի մոտ էդ րոպեին, էդ ժամին կին է նստած եղել, ինքը կնոջ վարսավիր էլ է, և էդ րոպեին պատասխանել է, որ «մոտս հաճախորդ կա, չեմ կարող Ձեզ ընդունել»: Չգիտեմ ուրիշ ինչ է ասել, բան, ու դրանից հետո ինչ-որ տղաներ են եկել, Սերոբին քաշքշել են, թե ինչ, տենց բան է ինչ-որ տեղի ունեցել»,- պատմել է վարսավիրի հայրը:

«Հենց ամենասկզբից դա սուտ է, զրպարտություն, քանի որ ես առհասարակ այդ օրը իր մոտ՝ վարսահարդարման սրահ չեմ գնացել», – իր հերթին, պնդել է մարզպետը:

Տեղի ունեցածը քաշքշուկ որակող Բարֆյաններն այնքան էլ հակված չէին այս թեմայից խոսել՝ հատկապես «Ազատության» այն հարցից հետո, թե արդյոք իրավապահները հետաքրքվել են միջադեպով:

Իսկ միջադեպի մասին վարսավիրի հայրենի Տափերական գյուղում շատերն էին տեղյակ, համենայնդեպս, արձագանքներն էին այդպիսին, երբ փորձում էինք գտնել վարսավիր Սերոբի տունը, բայց տեսախցիկների առաջ խոսել չցանկացան։

«Երևի թե ասել են, որ «ինչո՞ւ ես տենց բան արել, չէ՞ որ կարելի էր զիջել», բան, էս կողմ, էն կողմ, ասել է՝ «ես չեմ կարող կնոջը աթոռի վրայից վեր կացնեմ, բերեմ ասեմ «եկեք նստեք»: Տենց ինչ-որ մի բան, ես էդքան ստույգ տեղեկություններ չունեմ, ու ինչ-որ քաշքշոց է տեղի ունեցել, քաշքշոց ասելով՝ ներս են մտել երևի հարցրել են, թե «ինչի՞ չես արել», բան, տենց, ոչ թե քաշքշոց, այլ երևի գոռգոռալով խոսել են, տենց մի բան, ու թողել գնացել են»,- ասել է Ռազմիկ Բարֆյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր՝ azatutyun.am

Կիսվել էջում