Ազատ խոսք

«Վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից, Փաշինյանը թույլ է տալիս աններելի սխալներ». Արթուր Ղազինյան

«Վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից, Փաշինյանը թույլ է տալիս աններելի սխալներ»։ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Ռուսաստանի «Վալդայ» ակումբում Ալիևի ունեցած ելույթն ու դրանում առկա հռետորաբանությունը խտացված արտահայտում է Հայաստանի իշխանությունների Արցախի հակամարտության կարգավորման ոլորտում որդեգրած դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ՝ այդ դիրքորոշման բացակայությունը։

Առանձնապես մտահոգիչ է, որ այդպիսի հռետորաբանություն կիրառվում է Ռուսաստանում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ։

Բազմաթիվ անգամ հրապարակային զգուշացրել եմ Փաշինյանին առանձնահատուկ զգույշ և շրջահայաց լինել Արցախի հարցում, հատկապես Ալիևի հետ շփումներում՝ հաշվի առնելով վերջինիս խորամանկ ու նենգ բնույթը։

Վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից Փաշինյանը թույլ է տալիս աններելի սխալներ, և իր «հեղափոխական» օրակարգը փորձում էր փաթաթել այդ «հեղափոխության» ոչ մի առնչություն չունեցող Արցախյան հակամարտության վրա։

Եթե ասվածին հավելենք նաև Լավրովի նախօրեին արված հայտարարությունն ու Կոսովոյի հետ արված համեմատությունը, ապա հաստատապես կարելի է պնդել, որ պատերազմը օրեցօր մոտենում է մեր դարպասներին։

Արցախյան հակամարտության հարցում հայ ժողովուրդն առավել քան միասնական է, և դա որևէ կապ չունի ոչ Փաշինյանի, ոչ էլ իր կողմից հորինված «հեղափոխության» հետ։

Սակայն դա որևէ կերպ չի մեղմելու Փաշինյանի անձնական և թիմային քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կորցրած յուրաքանչյուր կյանքի և յուրաքանչյուր մետր տարածքի համար»։

Կիսվել նյութով