ՄամուլՏեսանյութ

«Վարչապետը չի կարող որևէ մեկին ասֆալտին փռել. թող բախտները փորձեն». Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)

«Վարչապետը չի կարող որևէ մեկին ասֆալտին փռել. թող բախտները փորձեն». Դավիթ Խաժակյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում զրուցել ենք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ

– Պարոն Խաժակյան, խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակեց՝ սադրանք, որին իրենք տրվել են, այսինքն՝ հիմնական մեղավորը «Լուսավոր Հայաստանը» համարվեց նրա կողմից։ Երևանի քաղաքապետարանում Դուք էլ եք հանդես գալիս սուր ելույթներով, մտավախություն չունե՞ք, որ Ձեզ էլ կփորձեն այդ մեթոդներով լռեցնել և ասել, որ դուք եք սադրել։

– Ես չգիտեմ՝ ավագանու մեր գործընկերները որքանով կընդօրինակեն այն պահվածքը, որն ունեցան ԱԺ-ում, բայց մենք այս իշխանություններից արդեն շատ բան ենք սպասում, որովհետև հասկացանք, որ ավտորիտարիզմին տանող դրսևորումները բնորոշ են այս իշխանություններին:

Եվ քանի որ վարչապետը լեգիտիմացրեց ծեծկռտուքը, լեգիտիմացրեց քաղաքական հարցերը ֆիզիկական ուժի միջոցով լուծելու գործելաոճը, բնականաբար, կարող են նման դրսևորումներ լինել: Ընդ որում, ես կանխատեսում եմ, որ ԱԺ-ում դեռ այսպիսի դրվագներ շատ կարող են լինել: Եվ կարծում եմ, որ սրանով վարչապետն իր կառավարման տարիների վերջի սկիզբը դրեց:

– «Լուսավոր Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Իմքայլականներն իրենց բոլոր ընդդիմախոսներին և քննադատներին ներկայացնում են՝ որպես ժողովրդի և պետության թշնամիներ, հակապետական տարրեր, որոնց նկատմամբ հաշվեհարդարն արդեն իսկ «լեգիտիմացված» է»:

Թավշյա հեղափոխության օրերին էլ, դրանից հետո էլ ընդդիմադիր գործիչները բողոքում էին իշխանության նման վերաբերմունքից: 2018թ. հոկտեմբերի 2-ին, երբ շրջափակել էին ԱԺ-ն, հարձակվել էին որոշ պատգամավորների վրա, «Լուսավոր Հայաստանն» իշխանությունների կողքին էր: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Երբեմն մենք հասկանում ենք, որ հեղափոխության ժամանակ լինում են դրսևորումներ, որոնք որքան էլ դատապարտելի են, բայց այդ ընթացքի մեջ մարդիկ տրվում են դրան:

– Բայց հոկտեմբերի 2-ին հեղափոխությունից արդեն մի քանի ամիս էր անցել և որոշակի պատկեր արդեն կար:

– Այո, բայց մենք հիշում ենք, որ դեռևս կար հին խորհրդարանը, և այդ գործունեությունը շարունակվում էր: Ամեն դեպքում, ես Ձեր հարցադրման հետ, ընդհանուր առմամբ, համաձայն եմ և կարծում եմ, որ, եթե մենք այս 2 տարվա ընթացքում հեղափոխական գործընթացներին նայեինք այն տրամաբանության մեջ, որ ինչը կարելի է անել՝ կարելի է, ինչը չի կարելի անել՝ չի կարելի, այսօրվան չէր հասնի: Ես այս առումով՝ ունեմ այդպիսի զգացողություն:

Բոլոր այն դեպքերում, երբ պատշաճ գնահատականի չի արժանացել իրենց վարքագիծը, մենք հասել ենք դրան: Հեղափոխության ժամանակ կամ հետհեղափոխական օրերին մենք այդ գնահատականներին չենք արժանացրել իրենց, և գուցե դրա համար է, որ այսօր հասել ենք այս օրին: Այս իմաստով՝ պետք է այդ բացը լրացնել:

Եթե Փաշինյանը կարծում է, որ բռնությունը լեգիտիմացնելով՝ կարող է ճնշել ընդդիմադիր խոսքը, կամ ընդդիմադիր խոսքը սադրանք որակելով՝ կարող է թույլ տալ, որ այդ «սադրանքի» հետևանքով մարդուն հարվածներ հասցնեն, այն էլ՝ թիկունքից, որն արժանապատվության սահմաններից դուրս է, մենք պետք է իրենց ցույց տանք, որ իրենք չեն կարող Հայաստանում դառնալ ավտորիտար իշխանություն:

Թող բախտները փորձեն՝ ստեղծեն մի իրավիճակ, երբ ասեն, թե մենք մեր ընդդիմախոսների հարցերը կլուծենք երրորդ անձանց բռնությունների միջոցով: Ձեզնից որևէ մեկը դա չի կարող անել, և վարչապետը չի կարող որևէ մեկին ասֆալտին փռել:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով