Մամուլ

Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ է ուղարկել ընտանիքին

Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ է ուղարկել ընտանիքին

Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առեւանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը օգոստոսի 30-ին նամակ է ուղարկել ընտանիքին: Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմեց նրա դուստրերից Ծովինար Խաչատրյանը:

«Գրել էր՝ ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք, բարեւեք բոլորին: Այժմ գիտենք, որ դեղեր է խմում՝ առավոտյան եւ երեկոյան: Ասում են՝ առողջական վիճակը նորմալ է: Կարմիր խաչը ամիսը մեկ անգամ այցելում է, դեռ երկրորդ այցելության ժամանակը չի եկել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առեւանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, եւ որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Ձերբակալված արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։ 

Կիսվել էջում