Մամուլ

Սև լճի տարածքից ադրբեջանցիները նահանջե՞լ են

Սև լճի տարածքից ադրբեջանցիները նահանջե՞լ են

Hraparak.am-ը գրում է․ Երեկ Սյունիքի մարզի Վերինշեն համայնքի բնակիչներից ահազանգ ստացանք, որ անցած տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքի որոշակի մաս զավթած ադրբեջանցիները մոտ մեկ շաբաթ է՝ նահանջել են, սակայն ԶՈՒ բանակային կորպուսն այդպես էլ չի բարձրանում եւ տեղակայվում այդ դիրքերում, որոնք ստրատեգիական են, անգամ, կարելի է ասել, հոգեբանական նշանակություն ունեն։

Բնակիչները համայնքապետարանի միջոցով փորձել են տեղի հրամանատարական կազմից պարզաբանումներ ստանալ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկում, բանակը չի փորձում առաջ գնալ եւ դիրքավորվել բավականին շահավետ դիրքերում:

Սակայն բանակային կորպուսի հրամանատարությունը ժամանակ է խնդրել՝ կցկտուր տեղեկություն փոխանցելով, թե գուցե ժամանակավոր են նահանջել, սպասենք, տեսնենք` ինչ է լինում, եւ այլն։

Բանն այն է, որ այս շրջանում Սեւ լճի տարածքում եղանակային անբարենպաստ պայմաններ են, գիշերը սաստիկ ցուրտ է լինում, բանակի հրամկազմից փոխանցել են նաեւ, որ ադրբեջանցիները գիշերը հետ են քաշվում, իսկ ցերեկները վերադառնում են։

sev lich zorqer

Սյունիքի հարակից համայնքներում եւ մասնավորապես Վերինշենում վրդովված են, ասում են` բավականին լավ հնարավորություն է ստեղծվել՝ հետ վերադարձնելու մեզնից զավթվածը եւ այն էլ՝ ռազմավարական դիրքեր։

«Մեզ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ չեն փորձում մեր դիրքերը վերադարձնել, որոնք ռազմավարական նշանակության դիրքեր են։ Եթե մի զինվոր էլ իրենցից այդտեղ կանգնի, իրենց բայրաքթար պետք չի գա` կոորդինատներ տալու համար։

Այնտեղից ամեն ինչ երեւում է, մեծ բարձունք է, Գորիսի հյուսիսային հատվածն է, այնտեղից մինչեւ հարավ, մինչեւ իրենց դիրքերը՝ Շուռնուխ, Կապանի հարակից դիրքեր, ամբողջը տեսանելի է։ Մեր գյուղից պարզ երեւում է իրենց շարժը»,- պատմեց մեր զրուցակիցը, ում խնդրանքով նրա ինքնությունը չենք բացահայտում։

Մենք կապվեցինք նաեւ Վերինշեն համայնքի ավագանու անդամ, «Առուշանյան դաշինքի» ներկայացուցիչ Նարեկ Օրդյանի հետ, ով մեզ ուղղորդեց ՊՆ-ի կողմը՝ ասելով, որ չի կարող մեր հարցերին պատասխանել։

Մարդկանց վախը բռնել են` լրագրողների հետ զրուցելուց, տարրական տեղեկություններ փոխանցելուց զգուշանում են, որ չմեղադրվեն դավաճանության մեջ:

Իսկ պաշտպանության նախարարությունից, որը ստեր տարածելու մեծ վարպետ է դարձել վերջին տարիներին, եւ հերքում են անգամ ամենաստույգ տեղեկությունները, լսելով մեր հարցը` պահանջեցին գրավոր հարցում ուղարկել իրենց, որ օրերով պահեն, ապա մի լղոզված պատասխան ուղարկեն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում