Շոու-բիզնես

«Սպասում եմ այն մեկին, որը կփայփայի ինձ թագուհու նման»․ Ջուս

«Սպասում եմ այն մեկին, որը կփայփայի ինձ թագուհու նման»։ Առավոտը գրում է․ Հարցազրույց երգչուհի Ջուսի հետ։

– Ձեր անունը ոմանք կապում են վուլգարության հետ եւ հետին պլան մղելով երգարվեստը։ Մինչդեռ միակ հայ երգչուհին եք, որը ժամանակին հանդես է եկել Մեծ Բրիտանիայում՝ Royal Festival Hall-ում սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, այն էլ ճանաչված դիրիժոր Մարիուս Ստրավինսկիի ղեկավարությամբ…

– Դա 2011 թվականն էր, երբ բնակվում ու գործունեություն էի ծավալել Մոսկվայում։ Կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի թողարկած ալբոմից այդ երեկոյի կազմակերպիչները ընտրել էին միայն ինձ։ Հանդես եկա You are my kix երգով։  Ի դեպ, այդ բեմում ելույթ է ունեցել Ֆրենկ Սինատրայից մինչեւ Փինք Ֆլոյդ, Սթինգ, Պավարոտտի…  Ինչ վերաբերում է վուլգարությանը, բեմում ամեն ինչի ընդունակ եմ։ Ես բեմում ուրիշ Ջուս եմ, կյանքում՝ այլ:

– Ասում են՝ նաեւ Ռուսաստանի նախագահն է ձեզ շնորհել պատվոգիր…

– Մի փոքր ուղղում, դա 2014թ. դարձյալ Մոսկվայում բնակվելուս տարիներն էին։ Տոնական համերգ էր ռուսաստանյան աստղերի մասնակցությամբ եւ այդտեղ միակ հայ երգչուհին ես էի։ Իսկ պատվոգիրը շնորհվել է գեներալ-մայոր Գորդեեւի կողմից, որը ՌԴ նախագահի անվտանգության ծառայության հատուկ նշանակության վարչության պետն է։

ջուս

– Փաստորեն, հաջողություններ գրանցել եք Մոսկվայում։ Շուրջ 10 տարի անց՝ 2008-ին վերադարձաք։ Կհամաձայնե՞ք, որ ձեզ չընդունեց հայաստանյան շոու-բիզնեսը։ Համենայնդեպս, մինչ օրս ձեր մասին տեղեկություններ հայտնվում են սոցցանցերում, այն էլ երգարվեստի հետ բացարձակ կապ չունեցող։

– Վերադարձա Հայաստան, որովհետեւ ցանկություն կար այստեղ շարունակել ընդհատված կարիերաս։ Իսկ ի՞նչ է, հայաստանյան շոու-բիզնես կա՞… Այստեղ մարդիկ «սպիտակ ագռավ» չեն ուզում տեսնել։ Բայց կա Ջուս, ով ձայնագրվում է, տեսահոլովակներ նկարահանում, մեկնում հյուրախաղերի, բայց անպայման վերադառնում…

– Երբեւե ձեր մտքով չի՞ անցել չվերադառնալ։

– Բացարձակ։ Գիտեք Ամերիկաներում հայկական ինչ երաժշտություն է հարգի, Եվրոպաներում, կարծում եմ, անելիք չունեմ, նաեւ Ռուսաստանում չունեմ անելիք…

Ջուս

– Բայց Մոսկվայում անելիք ունեցաք, Իրինա Ալեգրովայի բեք-վոկալիստն էիք, նրա հետ շրջեցիք բազմաթիվ  երկրներ եւ կարելի է ենթադրել, որ լավ էլ վճարվում էիք։ Ի դեպ, երջանկահիշատակ Նադեժդա Սարգսյանը մի առիթով մեզ հայտնել է, որ դուք Ալեգրովայի հրավերով չեք մեկնել Մոսկվա…

– Այո, մինչ Մոսկվա մեկնելս հանդես էի գալիս Նադյայի ղեկավարած «Հայեր» խմբում։ Ջազ էի երգում։ Համերգներից մեկում ինձ նկատեց ջազի սիրահար Ալեքսանդր Բույնովը։ Հենց նա էլ հրավիրեց Մոսկվա։ Եվ երբ «Հայերի» գործունեությունը ինչ-ինչ պատճառով դադարեց, 1998թ. մեկնեցի։ Սակայն Բույնովի պրոդյուսերը՝ Ալյոնան ինձ առաջարկեց  հանդես գալ  որպես բեք-վոկալիստ։ Իսկ ես չեմ սիրել երբեւէ հետին պլանում լինել…

– Բայց Ալեգրովայի մոտ հետին պլանում էիք, չէ՞։ Տեւական ժամանակահատված հանդես եկաք որպես բեք-վոկալիստ։

– Դա պատմություն ունի, այն հետեւյալն է. իսկապես չհամաձայնեցի Բույնովի մոտ երգել բեք-վոկալում, բայց որպես մեներգչուհի հանդես էի գալիս Մոսկվայի տարբեր ակումբներում եւ որպես բեք-վոկալիստ ձայնագրվում էի միայն ստուդիաներում, այսինքն՝ բեմում չէի երեւում։ Սկզբունքներիս դեմ երբեւէ չեմ գնացել ու չեմ էլ գնա։ Բայց մի օր, երբ ճանաչված ռեպեր Էլ Շատը ձայնագրում էր իր  հիթերից մեկը՝ «Քաղաքը», ես կրկնում եմ՝ դարձյալ ձայնագրման ստուդիայում հանդես էի գալիս նրա հետ։ Հենց այդտեղ ինձ նկատել էր Ալեգրովայի գործիքավորողը՝ Դմիտրին եւ իմ մասին տեղեկացրել Իրինա Ալեքսանդրովային։ Գնացի, միանգամից ասացի, որ  չեմ ուզում հանդես գալ իբրեւ բեք-վոկալիստ։ Երգչուհին էլ հակադարձեց, թե ժամանակին ինքը որպես բեք-վոկալիստ է սկսել «Էլեկտրոկլուբ» անսամբլում։ Եվ հետո մի կարեւոր հանգամանք, Ալեգրովայի մոտ 2 բեք-վոկալիստ էինք՝ ես եւ մի սեւամորթ երգչուհի։ Կարճ ժամանակ անց նրան Ալեգրովան հրաժեշտ տվեց։ Այս դեպքում արդեն, ճիշտ է, բեք-վոկալիս էի, բայց մեկը։

ջուս

– Համարձակ կին եք: Հնարավոր է, որ  լավ վաստակեիք նաեւ որպես մոդել, գուցե նույնիսկ  միլիոնատեր դառնայիք «դրսում»։

– Ժամանակին  ունեի հոլանդացի պրոդյուսեր՝ Էնթընի Հայսքամփը, ու երբ Հոլանդիայում նկարահանում էի «Lover» տեսահոլովակը, հոլանդական «Vogue» ճանաչված պարբերականի մասնագետներին հետաքրքրեց դեմքս, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես էլ ֆոտոսեսիա չունեցա։ Միառժամանակ անց դա իրականացրի Նիդեռլանդներում։

– Հայաստանյան TV-ներից մեկում ժամանակին եթեր էր հեռարձակվում ձեր հեղինակային «Բնական Ջուս» ռեալիթի շոուն, հետո այն անհետացավ էկրանից։ Ո՞րն էր պատճառը…

– Առանց մեկնաբանության։

– Ընթերցողը մեզ չի ների, որ գոնե ասուպի պես չանդրադառնանք ձեր անձնական կյանքին։

– Չկա անձնական, կա միայն գործնական։ Բայց դա չի նշանակում՝ չեմ ուզում անձնական ունենալ։ Սպասում եմ այն մեկին, որը կհարգի, կսիրի, կփայփայի ինձ թագուհու նման եւ թվարկածներիս թոհուբոհի միջոցով անցնելիս միայն կհասնի ինձ…

– Այս պահին ի՞նչ երգի կամ տեսահոլովակի վրա եք աշխատում։

– TV էկրաններին է արդեն Աղասի Գեւորգյանի հեղինակած «Շնորհավոր» երգի տեսահոլովակը։ Սա հեղինակի հետ իմ երրորդ համագործակցությունն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել էջում