Մամուլ

Սպանություն՝ Երևանում. կրծքավանդակի հատվածում դանակի հարվածներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Սպանություն՝ Երևանում. կրծքավանդակի հատվածում դանակի հարվածներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։  Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

spanutyun davtashen

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Դավիթաշեն Փիրումյանների փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի հարևանությամբ գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել, և քաղաքացին վիրավոր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Այս պահին տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։  Դանակահարության վայրից բավական հեռավորության քննիչները ցայտաղբյուրի մոտ հայտնաբերել են ակնոց, արնանման հետքեր, իսկ բավականին հեռու՝ բարձրահարկ շենքի մոտ գտնվող հետիոտնի համար նախատեսված մայթին՝ գլխարկ և արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարվածներից մեկը եղել է կրծքավանդակի ձախ մասին։

Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում քննիչները, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ պարզել են, որ սպանվածը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Խ-ն էր։

Կիսվել էջում