Մամուլ

«Սպանել են, որ չգնա, ցուցմունք չտա Մարտի 1-ի համար». Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքի մասին

«Սպանել են, որ չգնա, ցուցմունք չտա Մարտի 1-ի համար»։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքին, հարցին՝ կապ տեսնո՞ւմ եք այս ինքնասպանության, Մարտի 1-ի գործի եւ քաղաքական վերջին զարգացումների միջեւ՝ պատասխանեց.

«Շուտ է հիմա որեւիցե եզրակացություն անել, որովհետեւ նախաքննություն է ընթանում, կա անձ, որին հրավիրել են, պետք է բացատրություն տա, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը: Շատ ցավալի դեպք է:

Իշխանության ճնշո՞ւմ…մենք այսքան ժամանակ չենք դրսեւորել մեզ՝ որպես իշխանություն, որը կարող է մարդ սպանի, մարդ ծեծի կամ մարդուն այդ օրի հասցնի: Առավել եւս՝ իրավապահ մարմինների պարագայում: Ես հակառակ վարկածին էլ եմ ծանոթացել՝ սպանել են, որ չգնա, ցուցմունք չտա Մարտի 1-ի համար: Չի կարելի հիմա գնալ այդ ճանապարհով: Պետք է սպասել, տեսնել ինչ կլինի, խոսքը մարդու կյանքի մասին , պետք է զգույշ լինենք»:

Հայկ Հարությունյանը ցուցմունք էր տվել Մարտի 1-ի գործով եւ հիմա առաջարկ կա, որ քայլեր ձեռնարկեն, Մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունը պահպանեն: Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Կարծում եմ, այնուամենայնիվ, դատարանի որոշումը առ այն, որ Ռոբերտ Քոչարյանին պետք չէ բաց թողնել, խափանման միջոցը փոխելու մասին է խոսքը, ճիշտ է: Այս գործը, իրոք, շատ ջուր կտանի, վերաբերվում է շատ ու շատ նախկին պաշտոնյաների, ՀՀ քաղաքացիների, պետք է լուրջ լինենք այս հարցով: Մերօրյա Հայաստանը հանգիստ երկիր է, առավել եւս՝ հեղափոխությունից հետո: Կարծում եմ, սա անցյալից մնացած արձագանքներից է»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով