Մամուլ

Սուրբ Ծննդյան տոնը ամեն տարի իր հետ բերում է մեր կյանքում դրական փոփոխությունների հույս․ Արմեն Սարգսյան

Սուրբ Ծննդյան տոնը ամեն տարի իր հետ բերում է մեր կյանքում դրական փոփոխությունների հույս։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:

«Աշխարհասփյուռ սիրելի՚ հայրենակիցներ,

Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Սուրբ ծնունդը սիրո, բարության, հույսի և հավատի խորհրդանիշ է, տոն, որը մեր ժողովուրդը նշում է հոգու ցնծությամբ:

Այս սրբազան տոնը մեզ հուշում է ավելի հոգատար լինել մեր ազգային տան, մեր ընտանիքի ու մերձավորների, մեր հավատքի ու հոգևոր արժեքների, միմյանց հանդեպ: Սուրբ Ծննդյան տոնը ամեն տարի իր հետ բերում է մեր կյանքում դրական փոփոխությունների հույս:

Այստեղ կարևորը ոչ թե ժամանակի փոփոխությունն է մարդու կյանքում, այլ մարդու կյանքի փոփոխությունը ժամանակի մեջ: Ուստի կարողանանք այնպես ապրել, որ այդպիսի փոփոխությունները միմիայն դրական հետևանքներ ունենան բոլորիս համար:

Մեր ազգը շատ իղձեր ունի ամբարած իր հոգում, թող Աստծո զորությամբ այդ իղձերն ի կատար ածվեն: Մաղթում եմ առողջություն, հոգեկան և մարմնական ուժերի ամրություն, խաղաղություն, բարօրություն: Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ ավետիս»:

Կիսվել էջում