Ազատ խոսք

Սուտ է, չկա որևէ հեղափոխություն. Արսեն Բաբայան

Սուտ է, չկա որևէ հեղափոխություն. Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոսենք Սահմանադրության 213-րդ հոդվածից, որն ուզում են փոփոխել:

Շատ է խոսվել այն մասին, որ անցումային հոդվածները հիմնականում ենթակա չեն փոփոխության, հատկապես այնպիսիք, որոնք սպառվել են: Այս դեպքում 213-րդ հոդվածն իր գործառույթն իրականացրել է և այպիսով ավարտել իր առաքելությունը:

Բայց դրա մասին չէ, որ հիմա պիտի խոսեմ: Եկեք դիտարկենք 213-րդ հոդվածի բացակայությունը 2015 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխություններում:

Սահմանադրության 213-րդ հոդվածը գրելիս որևէ մեկի մտքով էլ չէր անցնում, որ երեք տարի անց Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենա իշխանափոխություն:

Իսկ այդ հոդվածի բացակայությունը նախկին իշխանությանը, ՀՀԿ-ին, հնարավորություն կտար մեկ քայլով վերցնել ՀՀ սահմանադրական դատարանը: Պետք է հիշենք, որ ՍԴ-ն կազմված է առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ նշանակված դատավորներից:

Եթե չլիներ 213-րդ հոդվածը, ապա ՀՀԿ-ն պարզապես շատ արագ կիրականացներ ՍԴ-ի դատավորների փոփոխություն և կնշանակեր իր համար ցանկալի դատավորների, որոնք էլ կդակեին բոլոր այն ցանկություններ, որոնք ուներ կամ կունենար հենց ՀՀԿ-ն:

Ասեմ ավելին, եթե չլիներ Սահմանադրության 213-րդ հոդվածը, ապա ներկայիս քաղաքական իշխանությունը որևէ հնարավորություն չէր ունենա անգամ այսպիսի ապօրինություններով փոխել ՍԴ դատավորներին:

Գործող իշխանությունը պարզապես պիտի աշխատեր ՀՀԿ-ի կողմից նշանակված ՍԴ մեծամասնության հետ:

Ի՞նչ է ստացվում․ Սահմանադրությունը կազմվել և ընդունվել է այնպես, որ նույնիսկ ՀՀԿ-ն հնարավորություն չունենա ՍԴ-ն զավթելու, սակայն այսօր, գործող քաղաքական իշխանությունը, անտեսելով սահմանադրական բազմաթիվ սկզբունքներ, միջազգային հորդորներ, որոշել է ՍԴ-ն դարձնել իր կամակատարը:

Հետո էլ ասում են, թե հեղափոխություն է տեղի ունեցել: Սուտ է, չկա որևէ հեղափոխություն:

Մեզ իրական հեղափոխություն է պետք, որի շնորհիվ եկած քաղաքական իշխանությունը կունենա բարձր արժեքներ:

Որի համար Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը, պետության իրավական անվտանգությունը կլինեն ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐ»:

Կիսվել էջում