Մամուլ

Սկանդալ Գառնու տաճարի շուրջ. շքեղ ռեստորան և հյուրանոց են ուզում կառուցել

Դեռևս տարիներ առաջ խոսակցություններ եղան այն մասին, որ պատրաստվում են Գառնու հեթանոսական տաճարի շրջակայքում սրճարան բացել: Նախաձեռնությունը միանգամից խիստ քննադատությունների առիթ տվեց և միայն հասարակական լուրջ դիմադրության շնորհիվ այն չիրականացվեց:

Ըստ ԼՈւՐԵՐ.com-ի, «յուղոտ» պատառի շուրջ քննարկումներն այդպես էլ չեն դադարում: Մեզ հայտնի դարձավ, որ այդ տարածքում և նույնիսկ տաճարին տիրանալու ցանկություն շատերն ունեն, քանի որ վերջերս պարզվել է, որ Գառնու տաճարը եկամտաբեր հուշարձան է:

Կոպիտ հաշվարկներով այն տարեկան շուրջ 360 միլիոնի եկամուտ է ունենում, իսկ դրանից բխող ծախսերը պարզապես կոպեկներ են: Խոսակցությունները չեն դադարում նաև, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հենց այստեղ եղած որոշակի չարաշահումների պատճառով է հեռացվել պաշտոնից, քանի որ երկար ժամանակ թաքցված է եղել եկամտի իրական չափը:

Եկամտի այդ չափի մասին լուրը տարածվելուց հետո Գառնու տաճարի և շրջակայքի համբավն ավելի է բարձրացել գործարարների համար:

Մեզ հայտնի դարձավ, որ Յուրիկ Ալոյան անվամբ ռուսաստանցի մի գործարար այս օրերին ակտիվ հանդիպումների մեջ է իշխանությունների հետ և ելքեր է փնտրում տարածքում 99 տարով իր բիզնես ծրագրերն իրականացնելու համար:

Մասնավորապես, նա հանդիպել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ, ով արդեն իսկ տաճարի շրջակայքում նախատեսված ռեստորանի, հյուրանոցի, ընդլայնված ավտոկայանատեղիի նախագիծ է պատրաստել: Լուրը գյուղով մեկ տարածվելուց հետո, բնականաբար, զայրույթ է առաջացրել: Նախ այդ տարածքում պեղումներն ավարտուն չեն, բայց մասնագետները վստահաբար պնդում են, որ տարածքն իր մեջ մշակութային լուրջ արժեք կարող է պարունակել, մի կողմից էլ՝ գյուղապետը պնդում է, որ տաճարը պետք է տրվի համայնքին և ստացված եկամտով համայնքը կենսական անհրաժեշտության այլ խնդիրներ լուծի:

Նյութի աղբյուրը՝ lurer.com

Կիսվել էջում