Մամուլ

Սերժ Սարգսյանը «փուռն է տվել» Փաշինյանի խորհրդականին

Սերժ Սարգսյանը «փուռն է տվել» Փաշինյանի խորհրդականին

Hraparak.am-ը գրում է․ Երկուշաբթի՝ մայիսի 18-ին, ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովը հրավիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանին, ով մինչեւ թավշյա հեղափոխությունը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը նրան ազատեց պաշտոնից։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին զինված ուժերին ժամանակին չտեղեկացնելու համար։ 

Թավշյա հեղափոխությունից հետո Արշակ Կարապետյանն անսպասելիորեն նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում, որից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, թե Արշակ Կարապետյանը, ով եղել է թիվ «0038» հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը, Քոչարյանի դեմ միակ ցուցմունք տված նախկին զինվորական պաշտոնյան է եւ պաշտոնն էլ, ըստ ամենայնի, ստացել է այդ գործարքի արդյունքում։

Ուշագրավ է, որ Արշակ Կարապետյանը 2019 թվականի հոկտեմբերի կեսերին մեկ անգամ հրավիրվել է եւ ներկայացել քննիչ հանձնաժողովին, ինչի մասին մամուլը գրել է։ Թե ինչու են որոշել կրկնայց կազմակերպել, ըստ մեր աղբյուրի, դա պայմանավորված է Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով կատարած այցով եւ հանձնաժողովին փոխանցած ինֆորմացիայով։

Մենք գրել էինք, որ երբ հեղափոխականները Սերժ Սարգսյանին «հարցաքննելիս» հետաքրքրվել էին՝ ունեցե՞լ են արդյոք թերացումներ, եւ ո՞ր օղակներն են թերացել ապրիլյան պատերազմի օրերին, Սերժ Սարգսյանը փուռն էր տվել «դավաճանին», ասելով, որ թերացողներին ինքն ազատել է պաշտոնից, բայց այս իշխանությունները բարձր պաշտոն են տվել։ 

Սերժ Սարգսյանը, ըստ տեղեկությունների, Կարապետյանի մասով որոշ տեղեկություններ էլ է փոխանցել, ուստի նրան կրկնակի հարցաքննելու որոշում է կայացվել։

Սակայն կա մի «բայց»՝ Արշակ Կարապետյանին առաջին անգամ հյուրընկալելիս հանձնաժողովում բարյացակամ վերաբերմունքի չեն արժանացրել, Անդրանիկ Քոչարյանի «հարձակվողական» պահվածքի մասին Կարապետյանը նույնիսկ դժգոհել է Նիկոլ Փաշինյանին, ով իր հերթին դեղին քարտ է ցույց տվել Անդրանիկ Քոչարյանին։

Այժմ հետաքրքիր է՝ Կարապետյանը կհամաձայնի՞ նորից հյուրընկալվել, թե՞ կփոխանցի, որ ինքն այլեւս ասելիք չունի եւ նախորդ անգամ արդեն ամեն ինչ հայտնել է։

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ օրերս տեղի ունեցած հանձնաժողովի վերջին նիստից հետո Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին փոխանցեց, թե հրավեր են ուղարկել նաեւ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով բնակության է տեղափոխվել Մոսկվա։ 

Պարզվում է՝ Քոչարյանին հաջողվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի միջոցով Նալբանդյանին փոխանցել հրավերի մասին։ Վերջինս համաձայնել է հանձնաժողովի նախանշած օրերի տիրույթում՝ մայիսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում, տեսակապի միջոցով մասնակցել հանձնաժողովի նիստին։

Հանձնաժողովը դիմել է ԱԱԾ-ին, որպեսզի պահպանեն տեսակապի անվտանգությունը, եւ ինֆորմացիոն արտահոսքեր չլինեն։ Ինչպես հայտնի է, հանձնաժողովն իր նիստերն անցկացնում է հատուկ սենյակում, որտեղ «ժուչոկներ» չկան։

Ի դեպ, հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են հունիսի 4-ին, այն վեց ամսով երկարաձգվել էր, եւ այլեւս երկարացնելու հնարավորություն օրենքը չի նախատեսում։

Հանձնաժողովի աշխատանքներն ավարտվելուց հետո կսկսվի ամենակարեւոր փուլը՝ կամփոփեն արած-չարածը, կկազմեն զեկույց ու, ամենայն հավանականությամբ, արդեն աշնանային նստաշրջանում կներկայացնեն խորհրդարանի, նաեւ՝ հանրության դատին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով