Մամուլ

«Սեռական առողջության այբբենարանը» 1999թ.-ի գրքույկ է. այն երբևէ չի ներառվել դպրոցական ծրագրում

«Սեռական առողջության այբբենարանը» 1999թ.-ի գրքույկ է. այն երբևէ չի ներառվել դպրոցական ծրագրում

ֆեյսբուքի հայկական տիրույթում, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում են Աննա Պետրոսյան անունով օգտատիրոջ կողմից հրապարակված «Սեռական առողջության այբբենարան» գրքույկից լուսանկարներ։ Օգտատիրոջ գրառումից տպավորություն է ստեղծվում, թե խոսքը գրքի մասին է, որը դասավանդվում է դպրոցներում, մասնավորապես՝ տարրական դասարաններում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ հիշյալ դասագիրքը որևէ կապ չունի դպրոցական ծրագրի հետ։ Ուսումնական պրոցեսում այն ներառված չէ և չի եղել։

 «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց նաև «Սեռական առողջության այբբենարանի» համահեղինակ, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Խաչիկյանի հետ։ Վերջինս նշեց, որ գրքույկը հրատարակվել է դեռևս 1999 թվականին։ Բրոշյուրի համահեղինակներն են Մերի Խաչիկյանը,  Ժասմեն Հարությունյանը և «Ընտանիքի առողջության պահպանման հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (վերջինս այլևս չի գործում)։

Բժշկուհի Խաչիկյանը հավելեց, որ գրքույկը նախատեսված չէ դպրոցական ծրագրի համար, այն տրամադրվել է մասնագիտական սեմինարի շրջանակում, որի մասնակիցները եղել են 16 տարեկանից բարձր անձինք։ Ավելին, գրքույկները ոչնչացվել են՝ մասնակիցների կողմից նկարազարդումների բացասական արձագանքից հետո։

Կիսվել նյութով