Ազատ խոսքՄամուլ

«Սա Թուրքիային պատային դրության մեջ դնելու միջոց է». Գոռ Աբրահամյան

«Սա Թուրքիային պատային դրության մեջ դնելու միջոց է». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՈԵԱՀԿ ՄԽ համանախագահող 3 երկրներից 2-ը՝ Ֆրանսիան և Ռուսաստանը շատ թափանցիկ կերպով ձևակերպեցին Ադրբեջանի երկընտրանքը. կամ գնում ես բանակցությունների, կամ ռազմական անիմաստ գործողությունները նրա կողմից շարունակելու դեպքում գործընթացը մտնում է Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման փուլ՝ հենց արցախահայության էքզիստենցիալ իրավուքնների պաշտպանության կոնցեպցիայով:

Վ. Պուտինը պատահական չհիշեցրեց Սումգայիթի և Մարաղայի սպանդի, թերևս՝ ենթատեքստով նաև «Կոլցո» օպերացիայի մասին՝ որպես կոնֆլիկտի պատճառ, ընդ որում ՝ հատուկ շեշտելով, որ վերջինս բնույթով միջպետական չէ և տարածքային չէ:

Վլադիմիր Պուտին

Իսկ Ֆրանսիան այս պահանջը ձևակերպել է խորհրդարան Արցախի ճանաչման բանաձևի ներկայացման տեսքով: ԱՄՆ-ի դիրքորոշումն ավեի որոշակի կդառնա պետքարտուղար Պոմպեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, թեև Վաշինգտոնից հնչող նախնական ուղերձները հայկական դիրքերից վատը չեն:

Սա Թուրքիային պատային դրության մեջ դնելու միջոց է: Բայց Թուրքիան նման դրությունից ճարպկորեն դուրս գալու հարուստ փորձ ունի: Եվ նման մի խաղաթուղթ Անկարան ունի. որն ամենևին բացառված չէ, որ խաղարկի և որի հնարավորությունից զրկելուն պետք է ուղղվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և ՄԽ համանախագահող մյուս երկրների ջանքերը:

Խոսքը վերաբերում է շատ անակնկալ կերպով, բոլորին փաստի առջև կանգնեցնելով Ադրբեջան զորամիավորումներ մտցնելուն: Այո, խելահեղություն է, բայց սա Էրդողանի ամենասիրած տրյուկներից է, որ հաջողությամբ կիրառել է Մերձավոր Արևելքում:

Ուղղակի պետք է հիմա ամեն ինչ անել դա բացառելու համար»:

Կիսվել նյութով