Աշխարհ

Սատանովսկի․ «Ռուսաստանը պիտի պատրաստ լինի պատերազմի, այդ թվում և Թուրքիայի դեմ»

Սատանովսկի․ «Ռուսաստանը պիտի պատրաստ լինի պատերազմի, այդ թվում և Թուրքիայի դեմ»

Ermenihaber-ը գրում է․ Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։

Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։

Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը խոստացել էր Շվեդիայի անդամակցության վերաբերյալ  արձանագրությունը հնարավորինս հապճեպ վավերացման ուղարկել Թուրքիայի խորհրդարան։

Այդ թեմայով Ermenihaber.am-ը զրուցել է ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկի հետ։

Վերջինիս խոսքերով՝ դեռ վաղ է որևէ եզրակացություններ անել, քանի որ,  ի վերջո, Թուրքիան դեռ վերջնականապես հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

«Ընդհանուր առմամբ էլ դա մեր գործը չէ: Մեզ չեն վերաբերում Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-Շվեդիա հարաբերությունները, բայց եթե Սկանդինավյան թերակղզին դառնա ՆԱՏՕ-ի մաս, ապա ՆԱՏՕ-ի հետ պատերազմի տեսանկյունից մենք պետք է պատրաստ լինենք դրան։

Այսինքն՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքում պետք է նախանշենք հրթիռային հարվածների թիրախները, որոշենք սահմանային ռեժիմը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրները այլևս չեզոք չեն»,-ընդգծել է նա։

Սատանովսկիի կարծիքով՝ այդ դեպքում Շվեդիան  կհամարվի  մեզ համար թշնամական հանդիսացող ռազմական դաշինքի պետություն։«Մենք պիտի նախապատրաստվենք պատերազմի՝  կա՛մ իրենց տարածքում, կա՛մ մեր հողերի վրա, եթե հակառակ կողմից ագրեսիա լինի։

Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, մենք դա հիշում ենք, ինչը նշանակում է, որ ցանկացած պարագայում Ռուսաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի, այդ թվում՝ և Թուրքիայի դեմ»,- եզրափակել է ռուս փորձագետը։

Կիսվել էջում