Մամուլ

Սամվելը զոհվել է․ Հոր զոհվելու լուրը ընտանիքին հայտնում է որդին

Աղամալյանների ընտանիքն առաջին զոհը Արցախյան առաջին պատերազմում էր տվել․ 19-ամյա Սասունը հաղթանակի օրը՝ 1994թ․ մայիսի 9-ին է զոհվում․ 27 տարի անց Արցախը պաշտանելիս զոհվում է նաև երկրորդ որդին՝ Սամվելը։

«Սկեսուրս երկու տղա ուներ, երկուսն էլ զոհվեցին․․․ Հիվանդ կին է ու ամբողջ օրը նստած լացում է․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է 2023թ․ սեպտեմբերի 20-ին թշնամու հարձակումը հետ մղելիս զոհված 44-ամյա Սամվելի կինը՝ տիկին Լորետան։

Սամվել Աղամալյանը զոհվել է կրակի դադարեցումից կես ժամ առաջ․․․Նա Արցախի պաշտպանության բանակում ծառայել է 19 տարի, ուներ ավագ սերժանտի կոչում։

«Սամվելը «Լուսնյակ» կոչվող տեղամասում էր․ բարձրադիր դիրք էր ու մեր մոտից՝ Ճարտարից, տեսնում էինք, որ ադրբեջանցիներն ահագին տեխնիկա են կուտակել էդ ուղղությամբ․ մեծ թվով հրանոթներ էին բերել։ Մենք նկուղում էինք, բայց մի քանի տղամարդ եկան ասացին՝ ուրիշ տեղ պատսպարվեք, քանի որ «Լուսնյակի» ուղղությամբ շատ են խփելու։ Դե, մենք էլ էինք արդեն հասկացել, տեսել էինք էդ շարված հրանոթները»,-պատմել է Սամվելի այրին։

Ժամը 1-ից հետո ամուսնու հետ կապվել որևէ չի կարողանում կինը։ Առաջնագծում նաև Սամվելի որդին էր՝ 20-ամյա Սասունը։

«Ոչ տղայիս հետ էի կարողանում խոսել, ոչ Սամվելի։ ՈՐ սկսեցին կրակել, էդ պահին միջնեկ տղաս էլ տանը չէր, գնացել էին Սուրբ Եղիշե վանք։ Այսինքն՝ ոչ մեկից լուր չունեի, ու այդ վիճակից արդեն խելագարվում էի։

Հետո եմ իմացել, որ Ճարտարի ուղղությամբ առաջին սնարյադները հենց վանքի տարածքում են ընկել․ ադրբեջանցիները նախ խփել են ու բջջային կապի աշտարակները շարքից հանել, դե դա էլ էդ տարածքում էր։ Լավ է գոնե, որ երեխաները մի քիչ իջել էին։ 19-ի գիշերն արդեն երեխաներին հավաքում տանում ենք գյուղի եկեղեցու նկուղը, քանի որ ասում էին, որ միակ ապահով տեղն այդտեղ է»,-ասել է տիկին Լորետան։

Սեպտեմբերի 20-ին Աղամալյանների ավագ որդուն՝ Սասունին իջեցնում են դիրքերից՝ ասելով, թե հայրը վիրավոր է։ Իրականում, սակայն, Սամվելն արդեն զոհվել էր։ Հոր զոհվելու լուրը ընտանիքին հայտնում է որդին․․․

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվել էջում