ԱշխարհՄամուլ

Ռուսաստանն արեց իր գործը և հեռանում է, առանց Հայաստան

Ռուսաստանն արեց իր գործը և հեռանում է, առանց Հայաստան

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանը Հայաստանի դեմ այլեւս կանգնած է ողջ հասակով, իր սեփական դեմքով, եւ դա անխուսափելի էր։ Պաշտոնական Մոսկվան արդեն չի էլ թաքցնում իր նպատակները եւ դրանք իրագործելու մեխանիզմները։

Այդ նպատակները հայ հանրության ավելի ու ավելի լայն շերտերի են հասանելի դառնում, քպ-ական խեղկատակների ու նրանց հենակ «ընդդիմադիրների» քարոզչական աղբը նույնիսկ ամենադյուրահավատներին է զզվեցրել։

ՌԴ ԱԳՆ-ն եւ անձամբ նախարար Սերգեյ Լավրովն այս իրավիճակում կատարում են Հայաստանի դեմ ՌԴ ծրագրերի խոսնակների դերը։ Լավրովի տարվա ամփոփիչ ասուլիսը, դրան հետեւած ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, ապա Լավրովի հարցազրույցը ռուսական պետական հեռուստաընկերությանը ՌԴ նպատակները հայերին «պարզաբանելու» ակտեր են՝  ավանդական դեմագոգիայի եւ հակահայ լուտանքների սոուսով։

Այս անգամ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ օկուպացրել էր Ադրբեջանի տարածքները, եւ Ադրբեջանը վերադարձրել է այն, ինչ պատկանում է իրեն։ Մոսկվան ամենաբարձր մակարդակով դեռեւս նման ձեւակերպում չէր տվել, նույնիսկ նոյեմբերի 9-ի թղթի կապակցությամբ։

ՄԱԿ ԱԽ-ում, ԵԱՀԿ-ում Բաքվի շահերի փաստաբանությունից մինչեւ Փառուխ, Ջերմուկ, Բերձոր եւ ՀՀ այլ շրջաններ Բաքվի ռազմական ներխուժումների առաջնորդություն, իր իսկ ստեղծած՝ ցապար ցեղերի «Ադրբեջան» միավորման լեգիտիմացում ու ճանաչում հայկական հողերի վրա, որն իրագործվում է երեւանյան խամաճիկ քպ-ական եւ նախկին նախագահների «ընդդիմության», սրանց սպասարկող մեդիա-քաղաքագետների միջոցով․ Մոսկվան այսպիսով բացահայտ հայտարարում է, որ ինքն է նախաձեռնել եւ իրագործում Հայաստանի դեմ 2020-ից մեկնարկած արշավը։

Նման անկեղծությունը, որը «սովորական» վիճակում կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ, պատահական չէ՝ Ռուսաստանն իրագործում է Հարավային Կովկասից հեռանալու իր ռազմավարությունը, որն արագացվում է ներքին ու արտաքին բարդացող դրության պայմաններում։

Բերձորի արտատարածքային միջանցքի կարգավիճակի լուծարման գործողությունը վկայում է, որ այդ ռազմավարությունը մտնում է ավարտական փուլ։

Կիսվել էջում