Աշխարհ

Ռուսաստանը 21 ավիահարված է հասցրել Ուկրաինայի շրջաններին

Ռուսաստանը 21 ավիահարված է հասցրել Ուկրաինայի շրջաններին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ անցած օրվա ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքները շարունակվել են հրետակոծվել ռուսական ուժերի կողմից։

Հակառակորդը հասցրել է 21 ավիահարված, հրթիռային վեց հարված, իսկ համազարկային կայաններից ավելի քան վեց տասնյակ անգամ կրակ է բացվել։ Ուկրաինայի տարբեր շրջաններում հրետակոծվել է 20 բնակավայր։

Ուկրաինական ուժերը 11 հարված են կատարել ռուսական դիրքերի ուղղությամբ, իսկ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում հետ են մղել ռուսների հարձակումները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ամենօրյա հաղորդագրությունում հայտնում է, որ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում մեկ օրվա ընթացքում ուկրաինացի 200 զինծառայող է սպանվել, ոչնչացվել է 4 տանկ, մի քանի զրահամեքենա։

Ուկրաինայի այլ շրջաններում ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ու հրթիռային համակարգեր, ռադարային կայան, ինչպես նաև Միգ-29 մարտական օդանավ է խոցվել։

Պատերազմական գործողությունների պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալների արժանահավատությունը անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Կիսվել էջում