Մամուլ

Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձինք կկալանավորվեն. դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունները

Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձինք կկալանավորվեն. դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունները

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձ կկալանավորվեն: 

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ նշելով, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրանց կալանավորելու միջնորդությունները, իսկ Ռուբեն Հայրապետյանի որդունը՝ մերժել:

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առեւանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով  (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ:

ՔԿ հաղորդագրությունը՝ ստորեւ.

Ռուբեն Հայրապետյանի, որդու և նրա ընկերների կողմից «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեկան գործով 5 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և, վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար, միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները բավարարվել են, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Կիսվել էջում