ՄամուլՏեսանյութ

Ռոբերտ Քոչարյանն է այսուհետև թելադրում օրակարգը, և Փաշինյանն ունի ընդամենը երկու ճանապարհ. Սայաթ Շիրինյան

Ռոբերտ Քոչարյանն է այսուհետև թելադրում օրակարգը, և Փաշինյանն ունի ընդամենը երկու ճանապարհ. Սայաթ Շիրինյան

168.am-ը գրում է․ Փետրվարի 7-ին՝ ոչ աշխատանքային կիրակի օրով, Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստ էր գումարել, որից հետո խմբակցությունը տարածեց հայտարարություն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մտքից հրաժարվելու վերաբերյալ, քանի որ, ըստ հայտարարության հեղինակների, Փաշինյանի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

Փաստորեն, Փաշինյանը հրաժարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտքից, թեև 2020 թվականի դեկտեմբերի 25-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, ավելին՝ սկսել էր քննարկումներ մարդ-կուսակցությունների հետ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով իշխանության կողմից արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվելու արմատներին, պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը նշեց, որ նման պահվածքի պատճառն օրակարգ թելադրողի փոփոխությունն է։

Ռոբերտ Քոչարյան

«Քաղաքական օրակարգը փոխեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հայտարարությունով։ Իշխանությունները շատ լավ գիտեն, որ հենարան չունեն, նրանք սարսափի և վախի մեջ են, հետևաբար՝ պետք է այդ արտահերթ ընտրություններից հրաժարվեին՝ իրենց ապաշնորհությունը քողարկելով հասարակական պահանջի բացակայության քողի ներքո, թեև հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ են արել, այդ պահանջն ինչպե՞ս են պարզել»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ բացահայտում է Փաշինյանի՝ բացառապես Ռոբերտ Քոչարյանից վախենալու պատճառը։

«Պատճառն այն է, որ Փաշինյանին օժանդակել և օգնել են գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններն ու սուբյեկտները, բացի Ռոբերտ Քոչարյանից»,- ասաց նա։

Պահեստազորի գնդապետի խոսքով՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ անկախ այն հանգամանքից, որ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, և նա վաղ թե ուշ գնալու է, սակայն իր համար ակնհայտ է՝ նախքան հեռանալը նա երկիրը տանելու է քաղաքացիական բախումների։

«Փաշինյանն ունի երկու ճանապարհ. կա՛մ երկիրը տանելու է բախումների, որի արդյունքում իր համար անհրաժեշտ պահին ճողոպրելու է՝ իր թիմակիցներին թողնելով վնգստալով, կա՛մ, հասկանալով, որ այլ ելք չունի, ուղղակի հեռանալու է,- ասաց նա՝ հավելելով,- Երկրում օրակարգն այլևս Նիկոլ Փաշինյանը չի ձևավորում. հիմա օրակարգ թելադրում է Ռոբերտ Քոչարյանը»։

Առավել մանրամասն՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով