ԱշխարհՄամուլ

ՌԴ-ում կրկին հայկական վարորդական իրավունքների հետ խնդիր է առաջացել. 15 օր է՝ հայ վարորդներին տուգանում են

Ռուսաստանի Դաշնությունում կրկին արգելում են հայկական վարորդական իրավունքով մեքենաներ վարելը։ Խոսքն այն վարորդների մասին է, ովքեր մեքենաները շահագործում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար։ ՌԴ-ում աշխատող վարորդներն ահազանգում եմ, որ արդեն մի քանի օր է՝ կոնկրետ Մոսկվայում, հայկական վարորդական վկայականով վարորդներին տուգանում են 30 հազար ռուբլու չափով։

«Կոնկրետ Մոսկվայում ահավոր վիճակ է։ Հայկական պրավաներով ոչ մեկին չեն թողնում քշենք։ Աջ ու ձախ տուգանում են։ Հետաքրքիրն էն ա, որ մենակ հայ վարորդներին են տուգանում։ Հազարավոր վարորդներ արդեն 15 օր ա՝ գործի դուրս չեն գալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը՝ հավելելով, որ մի շրջան խնդիրը կարգավորվել էր, և հիմա իրենց համար հասկանալի չէ, թե ինչու է կրկին խնդիր առաջացել։

«Թե ինչ եղավ, ինչ փոխվեց, ոչ մեկիս համար պարզ չի, չենք հասկանում՝ ինչ ա կատարվում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ դեռևս 2016-ին Ռուսաստանի Պետդումայի կողմից կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ արգելվում էր օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով աշխատել։ Այս փոփոխությունը, սակայն, ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանին էր վերաբերում։

Այսինքն՝ ՌԴ-ում գտնվող ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չէին կարող այլևս աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանային Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով։ Սակայն դա բավարար չէր։ Ովքեր անցել էին այդ որակավորումը և քննություն էին հանձնել, նրանցից էլ պահանջվում էր 2-4 տարվա աշխատանքային փորձ։

Առավել մնրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով