Մամուլ

ՌԴ իշխանությունը Գաբրելյանովի միջոցով բա՞ն է հասկացնում

ՌԴ իշխանությունը Գաբրելյանովի միջոցով բա՞ն է հասկացնում

Ռուսաստանաբնակ, հայկական ծագումով մեդիա գործիչ Արամ Գաբրելյանովը, իր տելեգրամյան ալիքում մի ուշագրավ գրառում է արել: Նա որոշել է չանդրադառնալ Հայաստանի ներքաղաքական գործընթացին ու հայտարարել, որ այլևս չի պատրաստվում գրել Հայաստանի մասին:

«Վերջին գրառումս է Հայաստանի մասին: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո որոշել էի, որ իմ անձնական խնդիրը, որպես հայի, դավաճան Նիկոլին հեռացնելն է: Երեկ, ընտրությունների մասին նրա հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ այժմ բոլոր հաղթաթղթերն ընդդիմության ու Հայաստանի քաղաքացիների ձեռքում են:

Բանակը նրանց կողմն է, էլիտաները փողով ու հնարավորություններով են: Եթե ​​նույնիսկ հիմա նրանք չկարողանան դուրս շպրտել Նիկոլին, ապա էլիտաները պարզապես քաղաքական իմպոտենտ են:

Ես ուզում եմ հսկայական շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ակտիվորեն օգնեցին պայքարել թուրք դավաճանների դեմ: Տասնյակ տելեգրամյան ալիքներ, որոնք ջանք չէին խնայում: Ամեն ինչ արվում էր հայրենասիրության հիման վրա, բոլորովին անվճար, ազնվորեն և անկեղծորեն: Ընդդիմությունից գումար վերցնելու մասին բոլոր խոսակցությունները կատարյալ սուտ են:

Ես նույնիսկ ավելին կարող եմ ասել. մենք մեր սեփական փողերը ծախսել ենք դավաճանների դեմ պայքարելու համար՝ ով, որքան կարող էր: Ի սրտե շնորհակալ եմ բոլորին:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Օնիկ Գասպարյանին և նրա գլխավոր շտաբին: Շնորհակալություն եմ հայտնում նաև Արման Աբովյանին և Գագիկ Ծառուկյանին՝ երեկվա համարձակ, տղամարդկային արարքի համար:

onik gasparyan 1

Ընտրությունները երեք ամսից են: Հայկական էլիտան, եթե հայրենասեր է ոչ թե խոսքով, այլ գործով, ապա եզակի հնարավորություն ունի վերակենդանացնել Հայաստանը: Էլիտան ամեն ինչ ունի դրա համար: Ընդդիմությանը մաղթում եմ հաղթանակ»:

Ինչո՞ւ է այս գրառումը զարմանալի: Այն պարզ պատճառով, որ պատերազմից ի վեր՝ Գաբրիելյանովը ամենաակտիվ մերձկրեմլյան գործիչն է եղել, ով որևէ կերպ չկաշկանդվելով` ամենավերջին բառերով ու որակումներով, անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին ու իշխանությանը, և հիմա մարդը, ով կես ժամը մեկ կարող էր գրառում անել ու ձեռքը զարկերակի վրա էր պահում, ով գիտեր ներքաղաքական անցուդարձի մասին ամեն ինչ՝ հետ է քաշվում ու լռում:

Սա այնքան անսպասելի էր, որ Մոսկվայի հայերի մոտ տարատեսակ վարկածներ է առաջացրել: Օրինակ մեզ ասացին, որ Գաբրիելյանովին ծեծել են՝ «վերջ թավիշին» ձևաչափի շրջանակներում: Իհարկե այս վարկածը հերքվեց, թեկուզ այն պարզ պատճառով, որ հնարավոր չէ Կրեմլի սիրելի գործիչներին ծեծել տալ Ռուսաստանի տարածքում:

aram gabrielyanov 2

Երկրորդ վարկածը, որ Գաբրիելյանովը հսկայական գումարներ է ստացել ընդդիմադիրներից՝ իր գրառումների համար (սրա մասին անգամ իր հրաժեշտի խոսքում հիշատակում է Արամ Աշոտովիչը): Բայց այս վարկածը ևս քիչ հավանական է, քանի որ հսկայական մեդիակոնցեռնի բազմամյա ղեկավարը ավելի քան ապահովված է և դժվար թե իր հաստատուն եկամուտը հարվածի տակ դներ և Ռուսաստանի իշխանության կամքին հակառակ ինչ-որ բան գրեր, անգամ մեծ փողերի դիմաց: 

Ամեն դեպքում այս հրաժեշտը շատ հարցեր է առաջացնում: Արդյո՞ք սրանով ՌԴ իշխանությունը չի ուզում հասկացնել, որ չի խառնվելու ներքին գործընթացին և սպասելու է ընտրությունների արդյունքին:

Share