Մամուլ

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին սպառնում է պատերազմով

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին սպառնում է պատերազմով

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում մեկնաբանել է ԵՄ առաքելության գործուղումը Հայաստան։

Նշենք, որ ԵՄ դեսպանները պայմանավորվել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը կտեղակայվի սահմանի երկայնքով՝ «վստահություն ստեղծելու և սահմանների սահմանազատմանը նպաստելու համար»։ Նշենք, որ առաքելությունը տեղակայվելու է ՀՀ տարածքում, Բաքուն հայտարարել է, որ կհամագործակցի միայն իրեն առնչվող հարցերում։

«Մենք սա դիտարկում ենք որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը որևէ կերպ միջամտելու և մեր կողմի միջնորդական ջանքերի վրա ճնշում գործադրելու ևս մեկ փորձ», ասել է Զախարովան։

Եվրամիության հնարավորությունների մասին խոսելով, Զախարովան մատնանշել է, որ 8 տարի Բեռլինն ու Փարիզը չկարողացան «կանխել Ուկրաինայի շուրջ իրավիճակի նման թեժ փուլը»:

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում տեւական խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին առաջնորդների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է։ Մենք կանոնավոր շփումներ ենք պահպանում այդ հարցի շուրջ մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ», ասել է Զախարովան։

Բերելով Ուկրաինայի օրինակը, Զախարովան Հայաստանին փաստացի սպառնում է պատերազմով։ Փարիզն ու Բեռլինը հիշատակելով, Զախարովան նկատի ունի այն, որ Գերմանիան ու Ֆրանսիան Կիեւին չեն ստիպել կատարել Մինսկի համաձայնությունները, այն է՝ Ուկրաինայի մասնատման եւ նրա ինքնիշխանության սահմանափակման պլանը։

Մեր դեպքում դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, շատ ավելի կաբալային, քան Մինսկի համաձայնությունները։

Կիսվել նյութով