Ազատ խոսք

«Ջերմուկում թշնամին ակտիվ դիրքավորվում է նոր բնագծում». Ավետիք Չալաբյան

«Ջերմուկում թշնամին ակտիվ դիրքավորվում է նոր բնագծում». Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցած երկու օրերին, մինչև գայլերը և ոչխարները հանդիպում էին Պրահայում, մենք մեկնել էինք Սյունիք՝ այցելելու վերջին մարտերի վայրերը, հանդիպելու մեր զինվորականներին և կամավորներին, գնահատելու նրանց տեխնիկական կարիքները և ըստ այդմ կրիտիկական աջակցություն տրամադրելու մեր մարտական ստորաբաժանումներին:

Հակիրճ ցանկանում եմ կիսվել որոշ տպավորություններով, առանց որևէ ռազմական գաղտնիք բացահայտելու՝

ա) մեր զինվորականները հերոսական դիմադրություն են ցույց տվել սեպտեմբերի կռիվներին, մանավանդ մեծ կորուստներ է թշնամուն հասցրել հրետանին:

Շատերդ տեսել եք մեր անզեն զինվորների կոտորածի սարսափելի կադրերը Իշխանասարի դիրքում՝ իմացեք, որ այդ տղերքը պարզապես չեն հանձնվել, նրանք ջարդ են տվել թշնամուն, դիմադրել են մինչև վերջին փամփուշտը, վերջում հայտնվել են շրջափակման մեջ, ու ընկել սեփական կորուստներից գազազած թշնամու ձեռքով:

Հերոսական կռիվների բազում այլ օրինակների եմ հանդիպել, դրանց մասին կպատմեմ ըստ հնարավորության:

բ) մեր տղերքը կռվել են հերոսաբար, բայց մեր երկրի քաղաքական ղեկավարությունը պարզապես արժանի չի նրանց սխրանքին:

jermuk

Այս տարի այն սեփական վախերից դրդված, մի քանի ամիս բանակի Գլխավոր շտաբի պետ չէր նշանակում, և բանակը թողել էր անգլուխ, անհրաժեշտ նոր սպառազինություն չէր գնում, մեղքը գցելով «դաշնակցի» վրա, բավարար չափով ամրաշինական աշխատանքներ չէր կատարում դիրքերում, անպաշտպան թողելով դրանցում գտնվող զինվորներին, իմանալով սպասվող հարձակման մասին, ոչ մի կանխարգելիչ գործողություն չի ձեռնարկել, թույլ տալով, որ թշնամին անարգել ներխուժի մեր տարածք:

Այս ցանկը կարող եմ շարունակել, բայց նախընտրում եմ դա անել ապագայում դատարանում, երբ այս ամենի իրական մեղավորները կկանգնեն օրենքի առաջ:

գ) Սյունիքում տագնապ կա մարդկանց մոտ, զգացվում է, որ նրանց խաղաղ կյանքը խաթարված է: Ջերմուկ մուտքը թույլ է տրվում միայն բնակիչներին և զինվորականներին, նորմալ կյանք դեռ չի վերականգնվել, թշնամին ակտիվ դիրքավորվում է նոր բնագծում, վերահսկելով քաղաքի գերակա բարձրունքները:

Դրանով հանդերձ, մեր տղերքը ամենուրեք վճռական են տրամադրված, գիտեն, որ մեծ կորուստներ են հասցրել թշնամուն, ու պատրաստվում են նոր մարտերի: Երևանից և Հայաստանի դեռևս անվտանգ մարզերից որոշակի աջակցություն է գալիս, հիմնականում մասնավոր խողովակներով, դա նաև լրացուցիչ վստահություն է տալիս դիրքերում կանգնած մեր տղերքին:

Ամփոփելով կարճ ակնարկս, նշեմ, որ մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ դժվար իրավիճակում, և դա առավել սուր է զգացվում Սյունիքում և Ջերմուկում:

Անելիք ահավոր շատ կա, դա պահանջում է մեզնից յուրաքնչյուրի հավելյալ ջանքը, և ոչ միայն այսօր, այլ առաջիկա տարիների ընթացքում, մինչև մենք կարողանանք որակական նոր մակարդակի դուրս բերենք մեր պետությունն ու բանակը, և անվտանգ դարձնենք մեր կյանքը հարազատ հողի վրա:

Մի խաբվեք այսօրվա հարաբերական անդորրով, գայլերի լկտի ժպիտը և ոչխարների հեզ մկկոցը Պրահայում ոչ մի լավ բան չի խոստանում:

Հ.Գ. ելնելով անվտանգության նկատառումներից, չեմ նշում ինձ հետ եղած զինվորականների անունները, և ցույց չեմ տալիս նրանց նկարները: Աստծո օգնությամբ, մի լավ օր դա կանեմ, հիմա պարզապես խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ում պատիվ եմ ունեցել հանդիպել այս օրերին Սյունիքում»:

Կիսվել էջում