ՄամուլՏեսանյութ

«Պտուղը գիշերը մահացել է ու այդպես մնացել մինչև առավոտ». ծննդկանի մայր (Տեսանյութ)

«Պտուղը գիշերը մահացել է ու այդպես մնացել մինչև առավոտ». ծննդկանի մայր (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Երեւանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում օգոստոսի 25-ին մահացած 20-ամյա ծննդկան Մերի Գրիգորյանի ծնողները դստեր մահվան մեջ մեղադրում են Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկներին։

Ծննդկանի մայրը՝ Լիանա Ավետիսյանը, News.am-ի հետ զրույցում պնդեց, որ դուստրը առողջական խնդիրներ չի ունեցել, եւ, որ Վանաձորի բժիշկների ամենաթողության հետեւանքով է աղջիկը մահացել։

Ուշագրավն այն է, որ մոր խոսքով՝ 20-ամյա ծննդկանի 6 ամսական պտուղը մահացել է դեռեւս օգոստոսի 24-ի գիշերը, այդպես մնացել մինչեւ առավոտ եւ միայն մեկ օր անց մորը՝ մահացած պտղի հետ տեղափոխել են Երեւան։

«Օգոստոսի 22-ին աղջկաս ոտքը բռնվել էր, փեսաս մտածել է՝ տանենք հիվանդանոց, հսկողության տակ լինի։ Աղջկաս մոտ ախտորոշել են իշիաս, բայց դրանից մարդ չի մահանում։ Հղին չէր կարող երկու օր հետո իշիասից մահանար։ Եկել է հիվանդանոցի տնօրեն Արամ Ավալյանը, ցույց են տվել, որ ոտքերը բռնված են, իսկ ամսի 24-ին թմրել են նաեւ թեւերը։ Տնօրենն ասել է՝ տարեք ֆիզիոթերապիայի, թող գնդակ խաղա։

meri vardan

Աղջիկս սփրթնած էր, այսինքն՝ շունչը կտրելով՝ այդ վիճակով 6 ամսական հղին թող գնդակ խաղա՞։ Ժամը 18։00-ին գինեկոլոգ Ռուզաննա Վանյանը թողել, գնացել է տուն։ Զանգել եմ Վանյանին, խնդրել՝ բժշկուհի ջան, տեղափոխենք Երեւան, աղջիկս շատ վատ է։

Նա ինձ ասաց՝ մի անհանգստացի, ես հերթապահ բժշկի հետ կապի մեջ եմ, ասաց՝ համբերեք, լույսը բացվի, ես առավոտյան՝ 9։00-ին կգամ։ Ես գնացել եմ, հիվանդանոցի բակում 40 րոպե կանգնել եմ, ժամը 9։00-ին եկավ բժշկուհին, ասաց՝ սպասեք, բարձրանամ վերեւ, հղիին տեսնեմ ու գամ։

Նա բարձրացավ վերեւ, 10 րոպե հետո իջավ ներքեւ՝ շատ խառնված, դողդողալով ինձ կանչեց ու ասում է՝ պտուղը գիշերը մահացել է, ասում եմ՝ բա պտուղը, որ գիշերը մահացել է, ինձ ասում եք հերթապահ բժշկուհու հետ կապի մեջ եմ։ Գիշերը պտուղը մահացել է ու այդպես մնացել է մինչեւ առավոտ։

Աղջկաս 40 րոպե անց շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երեւան։ Մի բան էլ շտապօգնության բժիշկն ասում է՝ ինչու ես խառնվել տիկին ջան, էս աղջկան ինչ է եղել որ։ Մինչեւ հասել ենք Երեւան, Երեւանի բոլոր բժիշկները հավաքվել են, այդտեղ կանչել են պրոֆեսոր Բլբուլյանին։ Աղջիկս արդեն կլինիկական մահ էր տանում, նրան տարել են վերակենդանացման բաժանմունք, միացվել է արհեստական շնչառության սարքին։

meri grigoryan

Ես բարձրացել եմ 5-րդ հարկ,  դուրս է եկել պրոֆեսոր Բլբուլյանը, ես դռան մոտ եմ եղել, խնդրեցի, որ թողնի, տեսնեմ աղջկաս, պրոֆեսորն ասաց՝ դուք չեք կարող տեսնել ձեր աղջկան, գնացեք ձեր տուն։ Ես այդտեղ հասկացա արդեն, որ Մերին չկա։ Երեւանի բժիշկները գժվել էին, ասում էին՝ էս ինչ երեխա եք դուք թողել Վանաձորում, ոնց եք թողել այդպիսի բժիշկների մոտ»,- պատմեց ծննդկանի մայրը։

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ Հանրապետական ինստիտուտից պարզաբանել էին, որ ծննդկանի  պտղի մահն արձանագրվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում, ինչից հետո ծայրահեղ ծանր՝ հոգեվարքային վիճակում կնոջը տեղափոխել են հիվանդանոց։

Ճանապարհին վիճակն ավելի է բարդացել՝ արձանագրվել է պերիֆերիկ անոթազարկի բացակայություն եւ գիտակցության կորուստ։ Ծննդկանին անգիտակից վիճակում հասցրել են Հանրապետականի վերակենդանացման բաժանմունք, որտեղ արձանագրվել է նրա մահը։

meri grigoryan mah

Վանաձորի բժշկական կենտրոնը, սակայն, հերքել է Հանրապետական ինստիտուտի այն հայտարարությունը, թե հղին ծայրահեղ ծանր վիճակում է տեղափոխվել:

Բժշկական կենտրոնը իր պարզաբանման մեջ նշել է, որ հղին իրենց մոտ է ընդունվել օգոստոսի 22-ին՝ ուժեղ ցավերով: Նրա մոտ հաստատվել է աջակողմյան լումբոիշալգիա:

Օգոստոսի 24-ին նկատվել են ցավեր կրծքավանդակի շրջանում, քանի որ «Վանաձորի» ԲԿ-ում MRT չի իրականացվում, կապ են հաստատել Հանրապետական ինստիտուտի հետ, պայմանավորվել են ծննդկանին տեղափոխել այնտեղ։ Սակայն, հանրապետականից ավելի ուշ  առաջարկել են տեղափոխումը հետաձգել մեկ օրով:

Ծննդկանի մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝  բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու հոդվածով։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում